Այսօր՝ փետրվարի 27-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 40-ամյա Աղասի Գևորգյանը իր վարած Ford մակնիշի 55 AM 755 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի, վարորդի համագյուղացի, 69-ամյա Ջուլիետա Գևորգյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 42-ամյա Սարգիս Ֆիդանյանը, 37-ամյա Լալա Կիրկակոսյանն ու վարորդ Ա. Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղից Ս. Ֆիդանյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է:
 
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդն ու ուղևորները մեկնում էին ինչ-որ գյուղ, որտեղ գտնվում էր իրենց ազգական աղջիկը, ում առևանգել էին: