ՀԱՑԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՉԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԳՆԱԼ
Տարկետման սահմանափակման դեմ պայքարող Երևանի պետական համալսարանի 5 ուսանող (Դավիթ Պետրոսյան, Յուրի Սարգսյան, Գեղամ Ասատրյան, Լեւոն Չուկակլյան, Հարութ) այսօրվանից անժամկետ հացադուլ է հայտարարել: Դասադուլի մասնակից Վահան Կոստանյանը այսօր ԵՊՀ-ի դիմաց անցկացրած ակցիայի ժամանակ հայտարարել է․ «Նրանք դա անում են լսարանների ներսում` ապացուցելու համար, որ մենք մեր ակցիան համալսարանում ենք անցկացնելու: Անում են, որ ապացուցեն` իրենք դասալիքներ չեն: 5-ից 4-ը ծառայած տղաներ են: Նրանք էս քայլով ուզում են ցույց տալ, որ սա բանակից խուսափողների ակցիա չէ»։
 
Հացադուլ հայտարարած ուսանողներից Լևոն Չուկակլյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց միակ նախապայմանն այն է, որ օրենքի նախագիծը կասեցվի, որևէ փոխզիջումների իրենք չեն պատրաստվում գնալ, իսկ հացադուլը անժամկետ է։ Ի դեպ Լևոն Չուկակլյանը ապրիլյան պատերազմի մասնակից է։
 
Նշենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ուսանողներին կոչ է արել դադարեցնել հացադուլը, մասնավորապես նա գրել է․ «Տղերք ջան, ընկերներ ջան, խնդրում եմ դադարեցնել հացադուլը: Դա հսկայական վնաս ա հասցնելու ձեր առողջությանը: Պայքարի մեծ ներուժ կա դեռ, չօգտագործված այլ գործիքներ կան: Եթե անգամ չհաջողեք, հիշեք՝ սրանց դեռ կհաղթենք, բոլոր օրենքներն էլ կշտկենք, նորմալ երկիր կսարքենք, բայց դրա համար առողջություն ա պետք: Դադարեցրեք, ձեր ցավը տանեմ, տղերք ջան: Ասեք, որ էդ հայտարարությունը կեղծ է եղել, վատ կոմունիկացիայի ու թյուրըմբռնմ,ան արդյունք է եղել»:
 
Հիշեցնենք, որ այսօր դասադուլի 6-րդ օրն էր։ Ուսանողները պայքարում են ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման: