ԱՄԵՐԻԿԱՑԻ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԸ ԴԵՄ ԵՆ ՀԱՐԿԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ
Ավելի քան 400 ամերիկացի միլիարդատերեր եւ միլիոնատերեր, ներառյալ նաեւ Ջորջ Սորոսը ստորագրել են ԱՄՆ Կոնգրեսին հասցեագրված մի նամակ, որով կոչ է արվում օրենսդիրներին չնվազեցնել մեծահարուստ մարդկանց հարկային պարտավարությունները: Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը: Նամակում ասված է, որ սխալ է հանրապետականների առաջարկն առ այն, որ պետք է նվազեցնել ԱՄՆ մեծահարուստների վրա դրված հարկերը այն դեպքում, երբ ԱՄՆ պետական պարտքը այնպիսի չափերի է հասել, որ կա ռեալ անհամամասնություն երկրի քաղաքացիների եւ պարտքի մեկ շնչին բաժին ընկնող ծավալի միջեւ, իրողություն, որը չէր եղել ամերիկյան իրականության մեջ սկսած 1920-ական թթ: Նամակում կոչ է արվում Կոնգրեսին հավանություն չտալ այն օրինագծին, որն ըստ նամակի հեղինակների, էլ ավելի կխորացնի անհավասարությունը հասարակության մեջ եւ կավելացնի պետական պարտքը: Ավելին, ամերիկացի մեծահարուստները պատրաստակամություն են հայտնել հավելյալ հարկային պարտավորություններ ստանձնել, եթե դա կնպաստի պետական պարտքի նվազեցմանը: American Airlines ընկերության նախկին ղեկավար Բոբ Կրենդելն օրինակ կարծում է, որ հանրապետականները շատ սխալ ճանապարհ են ընտրել, քանի որ մի կողմից հայտարարում են, թե չեն կարող իրենց թույլ տալ թեկուզ մեկ դոլար ավել ծախսել, իսկ մյուս կողմից էլ լրացուցիչ արտոնություններ են նախատեսում մեծահարուստների համար: Այդուհանդերձ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տրամադրված է վճռական, քանի որ գտնում է, որ այս քայլով կավելանան աշխատատեղերը երկրում