ԱԺ ՀՀԿ  խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը նոր չի համարում հայկական զինված ուժերում դիրքերն ամրացնելու համար տուֆ քար տրամադրելու նախաձեռնությունը։ «Էնպես չի, որ նորություն է: Ես վեց տարի անում եմ այս ծրագիրը։ Հատկապես վերջին երկու տարիներին բանակի հետ կապված շատ նախագծեր են եղել», – ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ասաց Շուշան Պետրոսյանը։
 
Հարցին, թե տուֆ քար գնելը ու բանակին հատկացնելը նոր նախաձեռնություն չէ՞ր, Շուշան Պետրոսյանը նշեց, թե նախկինում շատ «տոննաներով» ցեմենտ են գնել ու հավելեց. «Պարզապես ժամանակ էլ չկար բարձրաձայնելու, և ես առհասարակ էլ չեմ բարձրաձայնում։ Պարզապես, գիտե՞ք, քանի որ ինչքան շատ ես անում, այնքան ավելի շատանում է ծավալը»։ Անդրադառնալով այդ նախաձեռնության շուրջ հնչած քննադատություններին, Շուշան Պետրոսյանն ասաց, որ ինքը դրանք չի կարևորում։
 
«Ինձ համար կարևորը՝ լինել զինվորի կողքին։ Քննադատությունը պետք է միշտ հնչի, բա ոնց։ Բա եթե մարդ որևէ բան չի անում, բա պետք է քննադատի», – նշեց նա:
 
Դիտարկմանը, թե քաղաքացիները հարկեր են վճարում և նաև լրացուցիչ դրամահավաքների մասնակցում, Շուշան Պետրոսյանն ասաց, որ ինքն էլ աշխատավարձով ապրող քաղաքացի է։ «Ես ուրիշներին չեմ նայում, իմ համար ապրում եմ՝ ազնիվ, մաքուր։ Էլ շքեղ մեքենա, էլ չգիտեմ ինչ, լավ էլի։ Բոլորս հասարակ քաղաքացիներ ենք, մի երկրի, որը պատերազմի մեջ է։ Հասկացեք էդքան բան։ Մենք բոլորս պետք է լինենք զինվորի կողքին։ Սա քննարկման ենթակա չէ», – հայտարարեց Շուշան Պետրոսյանը։
 
Անդրադառնալով որոշ շրջանակների կողմից հնչած առաջարկին, որ դատապարտյալները գնան դիրքեր ու խրամատներ փորեն զինվորների փոխարեն, Շուշան Պետրոսյանն ասաց, որ դա իր համար անընդունելի առաջարկ է։
 
«Ձևը ինձ համար ընդունելի չէ, ո՞վ է ասել, որ պետք է գնան …Ամեն մարդ ունի իրավունք մտածելու այնպես, ինչպես ուզում է, բայց երբ աշխատանքը արվում է կոնկրետ հօգուտ բանակի, փառք ու պատիվ զինվորին», – նշեց Շուշան Պետրոսյանը։
 
Լրագրողը հետաքրքրվեց, թե ստացվում է, որ Հայաստանում պաշտպանության նախարարություն չկա, երբ պարբերաբար ժողովրդի ռեսուրսներով են օգնում բանակին։ Ի պատասխան Շուշան Պետրոսյանը սաստեց լրագրողին, ասելով. «Շատ վատն ա հարցդ, կասկածում ե՞ս մեր բանակի վրա»։
 
Երբ լրագրողը բացասական պատասխան տվեց, Շուշան Պետրոսյանն արձագանքեց. «Ուրեմն մարդավարի, հայ տղու նման հարցեր տուր»։
 
Լրագրողը համառեց. «Հարցնում եմ՝ նախարարը որտե՞ղ է»։ «Չգիտե՞ս՝ որտեղ է: Նախարարությունում», – հնչեց Շուշան Պետրոսյանի պատասխանը՝ նկատելով որ հարց տվող լրագրողից որևէ մեկը տուֆի փող չի խնդրել։
 
Աղբյուր՝ irakanum.am