Սեֆիլյանի եւ մյուսների գործ. Գասպարին կրկին պառկել է Շենգավիթի դատարանի բակում
Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստից առաջ այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ակտիվիստ Վարդգես Գասպարին պիկետ է անցկացրել դատարանի դիմաց:
 
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից հայտնում  են, որ Գասպարին պառկել է շենքի դիմաց՝ այս կերպ իր բողոքն արտահայտելով Սեֆիլյանի համար հանրային պաշտպան Մարինե Թովմասյանին ներգրավվելու վերաբերյալ դատարանի որոշման եւ նույն պաշտպանի՝ դատարանի որոշումը կատարելու եւ առանց Ժիրայր Սեֆիլյանի համաձայնության՝ նիստերին մասնակցելու դեմ:
 
Նշենք, որ Գասպարին այսօր փորձեց նաեւ փակել հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի մեքենայի ճանապարհը, սակայն ոստիկանները նրան դա թույլ չտվեցին:
 
Ուշացումով մեկնարկած դատական նիստը 40 րոպեով ընդմիջվեց:
 
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների գործով դատական նիստին դատավորը Սեֆիլյանի եւ Պողոսյանի պաշտպանության համար ներգրավվել էր հանրային պաշտպան, քանի որ նրանց պաշտպանները չէին ներկայացել նիստին:  Մարինե Թովմասյանը հայտարարել էր, որ տեսակցել է Ներսես Պողոսյանի հետ եւ վերջինս հրաժարվել է իր պաշտպանությունից, բայց կշարունակի ներկա գտնվել դատական նիստերին մինչեւ նրանց պաշտպանները վերադառնան: Սեֆիլյանը նույնպես հրաժարվում է հանրային պաշտպանից: