Այսօր՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Կապանի բաժին հայտնել են, որ «սուր էկզոգեն» ախտորոշմամբ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ից իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։
 
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի բնակիչ՝ 54-ամյա Պողոս Ալեքսանյանը, Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ՝ 48-ամյա Կարո Կարապետյանը, իսկ մահացած վիճակում՝ Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Արթուր Մարտիրոսյանը։ 
 
shamshyan.com-ի տեղեկություններով՝ նրանց Կապանի լեռնահարստացման կոմբինատի ստորգետնա հանքից դուրս են բերել լեռնափրկարարական ջոկատից ժամանած լեռնափրկարարները, որից հետո վերջիններս «էկզոգեն թունավորում՝ միջին ծանրության» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց։
 
Մահացածն աշխատում էր «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում՝ որպես ապարաբարձիչ մեքենավարի վարորդ, իսկ Պ. Ալեքսանյանը՝ «Մուազ»-ի վարորդ, իսկ Կ. Կարապետյանը՝ լեռնային վարորդ։  
 
Թե ինչն է եղել նման դեպքի պատճառը, դա պարզ կլինի նախաքննության ընթացքում։