Ու՞մ կարելի է ծեծել...Մենք հո կրակը չենք ընկել, որ մեր Ազգային ժողովի նախագահը բժիշկ է ու իրեն թվում է, թե բժշկից այն կողմ մասնագիտություն չկա և ՀՀ քրեական օրենսգրքում հատկապես բժիշկների նկատմամբ բռնություն գործադրած անձանց նկատմամբ պատիժը պիտի խստացնել։ Եթե ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը կարծում էր, որ մահապատիժը ցմահ պիտի լինի, Արա Բաբլոյանն էլ կարծում է․

«Բուժաշխատողն աշխատում է ծանր պայմաններում, երբ մարդիկ իր մոտ գալիս են արդեն նյարդայնացած: Ինչպես կարելի է բժշկին համեմատել պատշարի եւ տիեզերագնացի հետ»։

Թե ինչպես կարելի է համեմատել բժշկին պատշարի հետ, փորձենք ուղեղներս աշխատեցնել, որովհետև ելույթ լսելուց ինձ թվում է՝ քիչ է օգտագործվում ուղեղը։ Պատկերացնենք պատշարը պատ է շարել և ողջ ընտանիքով պատսպարվել են պատերի ներսում։ Գիշերը պատերը փլվում են և ողջ ընտանիքը մնում է պատի տակ։ Հիմա պատշարի աշխատանքը կարևո՞ր է, թե կարևոր չի։ Պատասխանատու՞ է, թե պատասխանատու չի։

Չեմ պատկերացնում, որ աշխարհում գտնվի մի երկիր, որտեղ ԱԺ նախագահը բժիշկ լինելով, փորձի համոզել ելույթ ունեցող պատգամավորներին, որ բուժաշխատողին չի կարելի ծեծել ու քրեական օրենսգրքում պիտի ամրագրել, որ հատկապես բժշկին ծեծողի նկատմամբ պատիժը պիտի խստացնել։

«Չի կարելի բժշկին ծեծի ենթարկել այն բանի համար, որ նա ուշ է հասել հիվանդի տուն միայն այն բանի համար, որ շտապբուժօգնության կայանն այդ ժամանակ մեքենա չի ունեցել, որ բժշկին շուտ ուղարկի հիվանդի տուն: Բժշկին, երբ ծեծել են, հետո ով է զբաղվել այդ հիվանդով․․․»։

Լրագրողին կարելի՞ է ծեծել։ Մանկավարժի՞ն, գիտնականին, երգչին, սովորական քաղաքացուն․․․

Նաիրա Զուրաբյանը ո՞նց կարող էր Բաբլոյանին համոզել, որ ոչ մեկին էլ ծեծել չի կարելի․

«․․․ ես ուզում եմ ասել, որ քրեական օրենսգիրքը խնդիրը կարգավորում է և առանձին մասնագիտություններով տարբերակել և ծանրաբեռնել օրենսգիրքը տրամաբանական չէ: Եթե մենք դնում ենք տարբերակումներ, եկեք քրեական օրենսգիքրը ծանրաբեռնենք և բոլոր մասնագիտությունների գծով գրենք` չի կարելի բռնություն գործադրել տաքսիստի, ուսուցչի, և մյուս մասնագիտությունների հարցով: Այս տարբերակումը մեզ համար հասկանալի չէ»։

Հիշեցնեմ, որ Հայաստանի Ազգային ժողովում նոյեմբերի 17-ին քննարկվում էր «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը, որը վերաբերում է բժիշկների նկատմամբ բռնություն գործադրած անձանց պատժի խստացմանը:

ՀԳ Ասենք թե՝ չի կարելի բժշկին ծեծել։ Ու՞մ կարելի է ծեծել, պարոն Բաբլոյան, կասեի՞ք։

Հասմիկ Բաբաջանյան