Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։40-ի սահմաններում Նաիրի Զարյան և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Մոսկովյան 1-ին նրբանցքի բնակիչ՝ 56-ամյա Սոս Քոչարյանի վարած Volkswagen մակնիշի 34 AN 351 համարանիշի և Արարատի մարզի Շահումյան գյուղի Սայաթ Նովա փողոցի բնակիչ՝ 34-ամյա Սերյոժա Մարգարյանի վարած Mitsubishi մակնիշի 17 CP 007 համարանիշի ավտոմեքենաները։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով Mitsubishi-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրով և բախվել բնակելի շենքի պատին, ինչի հետևանքով էլ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
 
Վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 33-ամյա Արա Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
 
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջները, ովքեր կանխել են ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը, հետո մարել այն, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
 
Mitsubishi-ի վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության։ Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում։