Այսօր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակում հանդիպում է քաղաքացիական ակտիվիստների հետ, պատասխանում նրանց հարցերին:
 
Նախ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր արած հայտարարությունների պարզաբանման կարիք կա, և մեծ սիրով ընդունել է այն առաջարկը, որ անհրաժեշտ է քննարկումներ ունենալ:
Ըստ նրա` միայն մեկ պարագայում «Հանրապետական» կուսակցությունը չի առաջադրի Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում, եթե լինի հանրային ճնշում, քանի որ դրան խանգարող ուրիշ գործոն չկա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «Ելք»  դաշինքում քննարկումները շարունակվում են, և մեկ շաբաթվա ընթացքում բոլոր հարցերի պատասխանները կտրվեն, և պարզ կլինի, թե ինչ հայտարարի են գալիս:
«Կարծում եմ, որ նոր համակարգ է ձևավորվում, որը ես համարում եմ  Հայաստանի «ադրբեջանացման» գործընթաց, և չպետք է թույլ տալ՝ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետում առաջադրվի»,- ասաց նա և նկատեց, որ կա քաղաքական կոնֆլիկտ, որը կապված է 2014 թվականի՝ Սերժ Սարգսյանի հայտարարության հետ, որ նա չի առաջադրվի:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հասարակությունը, Ազատության հրապարակ գալով, մի քանի նպատակներ պետք է դնի՝ մինիմում և մաքսիմում պլաններ, և մինիմում պլանը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը կանխելը պետք է լինի:
«Ի վերջո, այս հարցերի վերջնական լուծումը կախված է նրանից, թե ՀՀ քաղաքացին ինչպես է արձագանքում դրան, ինչպիսի ներկայություն ենք կարողանում ապահովել Ազատության հրապարակում: Այստեղ երկու հարց կա, եթե շատ լայն ներկայություն ենք կարողանում ապահովել, ի՞նչ ենք անելու, ի՞նչ կոնկրետ գործողություններով ենք խնդիրը լուծելու: Առաջին՝ ես կարծում եմ, որ այս քաղաքական պրոցեսը պետք է բացառի որևէ բռնություն, երկրորդ` սա չպետք է լինի ուղղակի քաղաքական պրոցես: Ոչ բռնի քաղաքացիական անհնազանդության բոլոր մեթոդները կարող են կիրառվել, սակայն ինձ չեմ պատկերացնում այնպիսի քաղաքական պայքարի մեջ, որը ենթադրում է բռնի գործողություն: Կարծում եմ, որ որևէ բռնության մենք բռնությամբ չպետք է պատասխանենք»,-ասաց նա:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն, ինչ այստեղ հայտարարում է, իր անձնական կարծիքն է: «Եթե հարյուր հազարավոր մարդիկ ուզում են Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալ, պետք է հավաքվեն Ազատության հրապարակում և գնան իրենց դիրքորոշումն արտահայտեն ԱԺ շենքի մոտ և ֆիզիկապես թույլ չտան՝ այդ գործողությունը տեղի ունենա` իմ ասած կանոններով»,- ասաց նա:
Պատգամավորը, սակայն, մինչ այդ կարևորեց հասարակությանը իրազեկելը, քանի որ սահմանադրական փոփոխություններից մարդիկ տեղյակ չեն: Ըստ նրա՝ իրազեկման պրոցեսը պետք է լինի անսովոր, հետաքրքիր, կրեատիվ:
«Ես պատրաստ եմ, որպես քաղաքական գործիչ շատ լուրջ գործողությունների` առանց զենքի, առանց բռնության, բայց ես պետք է համոզված լինեմ, որ ժողովուրդը դրա համար լիազորել է` ինձ,  մեզ»,- ասաց նա: