Հայաստանի մարզերում առկա կիսակառույց օբյեկտների գերակշռող մասի շինարարական աշխատանքները սկսվել և դադարեցվել են 1988-1993 թվականներին:
 
Դրանից հետո 1990-ական թվականներին կիսակառույց օբյեկտները սահմանված կարգով չեն ենթարկվել կոնսերվացման, և արտաքին միջավայրի, մթնոլորտային տեղումների երկարատև ազդեցության հետևանքով դրանց կոնստրուկտիվ տարրերը կորցրել են նախագծային ամրությունն ու հուսալիությունը:
Ներկայումս մի շարք կիսաքանդ վթարային կիսակառույցների առկայությունը համայնքներում առաջացնում է քաղաքաշինական, բնապահպանական, հակասանիտարական խնդիրներ: Քաղաքաշինության պետական կոմիտեն կարծում է, որ նշված պայմաններում կիսակառույց օբյեկտների շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու, օգտագործման կամ քանդման խնդիրների լուծումը պահանջում է առաջնահերթ և առանձնակի ուշադրություն:
Այդ նպատակով մշակվել է Հայաստանում կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման ծրագրին հավանություն տալու մասին որոշման նախագիծ, որը կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանը կներկայացնի գործադիրի առաջիկա նիստում:
ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1024-Ն որոշմամբ ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հանրապետության մարզերում առկա թվով 230 կիսակառույցի տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքների գնման համար հատկացվել էր 12 միլիոն դրամ, իսկ Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոնը ներկայացրել էր 230 կիսակառույցների հետազննության եզրակացությունները:
Ծրագրի մշակման ընթացքում թվով 11 կիսակառույցներ սեփականաշնորհվել են, այդ թվում` Արարատի մարզում՝ 2, Գեղարքունիքի մարզում՝ 2, Լոռու մարզում՝ 1, Շիրակի մարզում՝ 1, Սյունիքի մարզում՝ 1, ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում գտնվող՝ 4: Թվով 8 կիսակառույցների հետազննության եզրակացություններով արձանագրվել է, որ առկա փոսորակները հողալցվել են: Արդյունքում` ծրագրով մշակվել է առաջարկություններ թվով 206 կիսակառույցների վերաբերյալ:
Շինարարական աշխատանքների արժեքը խոշորացված ցուցանիշների կիրառմամբ հաշվարկվել է նոր հարկերի կառուցման, գոյություն ունեցող կառույցի վերակառուցման, ուժեղացման կամ քանդման աշխատանքների հաշվարկային արժեքը:
Որոշման ընդունումից հետո կոմիտեն մտադիր է բարելավել բնակավայրի քաղաքաշինական միջավայրը: