Կեղտոտ բաժակը
Վերջերս աշխատանքի էի անցել փոքրիկ գրասենյակում, որտեղ չորս աշխատողներով օգտվում էինք նույն սառնարանից: Այնտեղ միշտ ֆիլտրացված ջուր էր լինում:
 
Մի անգամ աշխատակիցներից մեկն ասաց, որ սառնարանի ջուրը կեղտոտ է: Ես փորձեցի ու որևէ համ չզգացի: Գործընկերս պնդում էր, որ ջուրը վտանգավոր է առողջության համար, չի կարելի խմել, բայց ամեն անգամ ես խմում էի ու տեսնում, որ ջուրը լավն է:
 
Գործընկերս սկսեց մտածել, թե երևի իմ համային զգայարանների հետ ինչ-որ բան այն չէ…
 
Վերջապես մենք հասկացանք, թե ինչումն էր խնդիրը: Նրա բաժակն ինչ-որ նյութից կեղտոտվել էր, ու նա, ուշադրություն չդարձնելով կամ տեղյակ չլինելով, շարունակում էր նույն բաժակով ջուր խմել:
 
Այս դեպքից հետո ես սկսեցի մտածել մեր մասին: Շատ հաճախ, հանդիպելով խնդիրների կամ կանգնելով ինչ-որ իրավիճակների առջև, մենք անմիջապես սկսում ենք մեղադրել այլոց, երևույթը, իրավիճակը, բայց ոչ երբեք մեզ:
 
Մենք գիտենք, որ աշխարհը կատարյալ չէ, բայց երբեմն պետք է մի փոքր հետ նայենք և ինքներս մեզ հարցեր տանք՝ «Կարո՞ղ եմ լինել ավելի լավը», «Իմ սիրտն իրո՞ք մաքուր է», «Կարո՞ղ եմ այս իրավիճակում բարությամբ վարվել»:
 
Ուշադիր լինենք և մաքրենք մեր բաժակները. այդ ժամանակ այն ջուրը, որ պատրաստվում ենք խմել, մաքուր ու անուշահամ կլինի: