Արդեն 2 ժամից ավելի է, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Օհանավան գյուղի վարչական տարածքում լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել։
 
Մոտ 500-ից ավել բնակիչներ, հիմնականում Արագածոտնի մարզի, ի նշան բողոքի, փակել են Օհանավան գյուղով անցնող միջպետական ճանապարհը և պահանջում են իրենց հարցի արդարացի լուծում։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, բնակիչները պատկան մարմիններից պահանջում են, որպեսզի վերջապես լուծվի արդեն 19 օր Լարսի անցակետում առանց հիմնավոր պատճառաբանության մոտ 23 խնձորով բարձված բեռնատարների ազատ տեղաշարժի խնդիրը դեպի Ռուսաստանի Դաշնություն։
 
Անօգնական վիճակում հայտնված քաղաքացիներն ասում էին. «19 օր է, մուկն ու կատու են խաղում։
 
Սարքել են չլի դաստա, ռսի զավտռա են անում։ Հետո էլ ասում են՝ գյուղատնտեսությունը թող զարգանա, հետո էլ ասում են՝ արտագաղթ թող չլինի։ Մենք ի՞նչ ենք ուզում՝ մեր հալալ քրտինքով աճեցրած խնձորն արտահանենք։
 
Բոլոր ընտանիքներով բանկերից վարկեր ենք վերցրել։ 1 ժամ վարկը ուշացնենք, է՛լ վարկային կազմակերպությունների, է՛լ հարկադիր ծառայությունների թափանները լցրած չինովնիկները կգան ու կխեղդեն մեզ։
 
Քանի օր է, ուզում էինք ճանապարհը փակեինք, բայց ասում էինք՝ պատկան մարմինները քաղաքակիրթ ձևով կլուծեն խնդիրը, սակայն պարզվեց, որ նրանց էրեսը կոշիկի տակացուի նման պադոշ է։
 
Ի՞նչ են ուզում իրենց այդ քայլով անել։ Մի քանի ընտանիքներ են մնացել գյուղում, էն էլ հողի հետ կռիվ տալով գոյություն են պահում, իսկ որոշ տզրուկներ իրենց անտարբերությամբ արհամարհում են մեզ։ Եթե այդ հարցը այսօր չլուծվի, այլ ելք չկա, դիմելու ենք ավելի կտրուկ, ծայրահեղ միջոցների։ Չենք բավարարվելու ճանապարհ փակելով»։