Բոլորդ էլ լավ հիշում եք, երբ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ասաց․
 
«Մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չի զբաղվում, դրանով զբաղվում է դատավորը», հետո ավելի ընդհանրացրեց․
 
Բժշկական սխալները դատարանն ու դատաբժշկական փորձաքննությունը կորոշեն, ոչ թե առողջապահության նախարարությունը»։
 
Ուզում եմ իմանալ՝ առողջապահության նախարարի, նախարարության սխալները ո՞վ պիտի որոշի՝ դատարանը, թե․․․
 
Առողջապահության նախարարությունն իր կայքի միջոցով հրապարակել է դեղատոմսով եւ առանց դեղատոմսի բաց թողնված դեղերի ցանկերը, առանց իրավական ակտի ներկայացրել դեղատներին և մարտի մեկից պարտադրել դեղատոմսով դեղ բաց թողնել: Հայաստանի ողջ ազգաբնակչությանը խառնել է իրար։
 
Մարդիկ սրանից, նրանից պարտք անելով, դեղերի պաշար են գնել, որ «յոլա գնան, մինչև մի լույս բացվի»։ Այս օրերին ում խոսացնում ես, ասում է՝ ստրեսի մեջ եմ, խոսելս չի գալիս, փող չունեմ, որ «զապասով դեղ գնեմ, գոնե մի տարի դիմանամ, հիվանդանոցների ձեռը չընկնեմ»։
 
Շենքը առանց հիմքի չեն կառուցում, նախ հիմքն են գցում, հետո պատերը շարում։ Դա չգիտե՞ր առողջապահության նախարարը։ Լևոն Ալթունյանը պատերը բարձրացրել է՝ առանց հիմքի, որ մի ողջ ազգի քարերի տակ թողնի․․․ Դրա համար պատասխանատվություն չկա՞․․․ Իրավականը թողնենք մի կողմ, բարոյական, հոգեբանական վնասի մասին խոսենք։ Ինքը իր հարազատի նկատմամբ նման հապճեպ բան կանե՞ր՝ մատնելով նրան անելանելիության․․․
 
ՀԳ Կառավարության նիստում խոսելը հեշտ է՝ բլա․․․ բլա․․․ Ժողովրդի առաջ խոսելն է դժվար՝ պարզճակատ խոսելը։ Դե խոսի, լսում ենք։
 
 
Հասմիկ Բաբաջանյան