Գյումրիում կողոպուտի փորձ ու դանակահարության դեպք են տեղի ունեցել: Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմացի գետնանցումում գտնվող հեռախոսների եւ աքսեսուարների խանութի վրա մարտի 6-ին` ժամը 4:30-ի սահմաններում կողոպուտի փորձ է գրանցվել:
 
Ահազանգման համակարգը միանալուց րոպեներ անց դեպքի վայր է հասել տարածքի հսկումն իրականացնող «Գրոմ Սեքյուրիթի» պահնորդական ընկերության արագ արձագանքման խումբը: Դիմակավորված անձը կոտրել է ապակին ու այդ պահին մուտք գործել խանութ: Կողոպուտի փորձ իրականացնող քաղաքացու փախուստը կանխվել է, սակայն վնասազերծման ժամանակ, վերջինս կարողացել է դանակի հարվածներ հասցնել պահնորդական ընկերության աշխատակցին:
 
Բարեբախտաբար, անվտանգության աշխատակցի կյանքին վտանգ չի սպառնում: Գողության փորձ կատարողը տեղափոխվել է ոստիկանություն: Իրավապահները դեպքի վայրի զննություն են իրականացրել: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն ասաց, որ կատարվում է քննություն, հարուցվել է քրեական գործ: