armtimes.com-ը գրում է. ՀՀ ավանդական ուշուի ֆեդերացիայի (ՀԱՈՒՖ) նախագահ Տիգրան Չոբանյանը հայտնում է, որ Միջազգային դուքենդոյի եւ ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը խաբում է իր ֆեդերացիայի սաների ծնողներին: Ըստ նրա՝ Վարդանյանի ֆեդերացիան չունի ճանաչում միջազգային այնպիսի լուրջ կազմակերպության կողմից, որը զբաղվում է ոլորտի կարգավորմամբ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Չոբանյանը խոսեց Վարդանյանի գործունեությունից:
 
«Դուքենդո ֆեդերացիան բացարձակապես խաբեբայություն է սկսած անվանումից: Այն չունի միջազգային ճանաչում միջազգային որեւէ կազմակերպության կողմից, որն իրավունք ունի համակարգելու այդ ոլորտը: Բառարաններում դուքենդո բառ չկա, հորինված բառ է: Հետեւաբար նշանակում է, որ այդ ֆեդերացիայում գոտիների շնորհում, դաների շնորհում... ամեն ինչ խաբեբայություն է: Գոռ Վարդանյանն իր բոլոր գոտիներով, դաներով խաբեբայություն է, մարզիչները՝ նույնպես: Այսօր նրանք ծնողներին խաբելով գումարներ են վաստակում»,- ասաց նա:
 
Միեւնույն ժամանակ Չոբանյանը նշեց, որ Վարդանյանն աստիճանաբար կորցնում է հանրության վստահությունը: Ըստ Չոբանյանի՝ քանի որ մեր օրերում տեղեկատվական աղբյուրները շատ են, ծնողները սկսում են հասկանալ, որ իրենց խաբում են: Նա ասում է, որ Վարդանյանն ԱՄՆ-ում նույնպես դուքենդոյի խմբակներ ունի, եւ այնտեղ էլ մարդիկ սկսել են չհամակրել նրան: Դրա պատճառներից մեկն այն է, թե վերջերս ինչպես է Վարդանյանն իրեն պահել Երեւանի քաղաքապետարանի նիստի ժամանակ, երբ ուժ գործադրելով Երկիր ծիրանի խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին հանել է նախասրահից: Մյուս պատճառն այն է, որ ԱՄՆ-ում էլ հայերը սկսել են հասկանալ, որ նրա ֆեդերացիայի գործունեությունում ինչ-որ բան այն չէ:
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում