«Իմ եղբայրը ինքնասպան չի եղել։ Նրան սպանել են։ Դա փաստ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փետրվարի 23-ին Հրազդան գետից մահացած դուրս բերված 26-ամյա Վարդան Մնացականյանի քույրը՝ Մերի Մնացականյանը։
 
Հիշեցնենք, որ Վարդան Մնացականյանը, որպես անհետ կորած, փնտրվում էր դեռևս հունվարի 30-ից։ Միայն 23 օր անց Հրազդան գետից մահացած դուրս բերվեց նրա դին։ Նախնական վարկածով նա ինքնասպան է եղել, սակայն հարազատները պնդում են, որ Վարդանը ոչ մի պարագայում ինքնասպան չէր լինի։ Այն փաստը, որ իր Վարդանին սպանել են, նրա քույրը և մայրը պատրաստվում են պնդել նաև նախաքննական մարմնին, եթե առաջիկայում իրենց հրավիրեն հարցաքննության։ «Եթե ինքնասպանություն է, թող ապացուցեն, իսկ եթե ոչ, թող հակառակը ապացուցեն։ Բայց ակնհայտ է, որ կատարվածը ինքնասպանություն չէ, քանի որ, նախ ամբողջ կամուրջը կամերաներով հսկվում է, ոստիկաններ կան, և հետո ինքը էն տղան չէր, որ ինքնասպան լիներ։ Ասեմ ավելին՝ հնարավոր չի նաև այն, որ Վարդանը ինքնասպան լիներ, ապա նրա դիակը հայտնվեր գետում։ Ուղղակի սպանել, տարել գցել են։ Էդքան բան»,- ասաց Վարդանի քույրը։
 
Թե ով կարող էր դա անել և ինչու, Մերին չգիտի։ «Ինքը փակ մարդ էր, երբեք իր գործնական, անձնական հարցերը չէր բարձրաձայնում, տուն չէր բերում իր խնդիրները։ Բացի այդ, շատ քիչ էր տանը լինում՝ առավոտյան գնում էր, կամ շատ ուշ էր գալիս, կամ չէր գալիս։ Իր ամբողջ ժամանակը անց էր կացնում աշխատավայրում՝ «Ռոսիա» տոնավաճառում։ Իր գործը պատասխանատու գործ էր, ամբողջը ինքն էր վերահսկում»,- ասաց քույրը։
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում