Երեկ՝ մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուսթավելի փողոցի 49 տանը հրդեհ է բռնկվել։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր են ժամանել թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։
 
Մինչ կժամանեին իրավասու մարմինների ներկայացուցիչները, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում նշված տան բնակչուհի՝ 63-ամյա Հասմիկ Պ.-ից, ով հայտնում է, որ եղբայրը սպառնացել է իրեն և այրել է տունը։  
 
Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել են կրակի տարածումը, իսկ հետո մարել այն։
 
Հասմիկ Պ.-ն իրավապահներին հայտնել է, որ եղբայրը տան բակում դիտավորությամբ այրել է իր հագուստներն ու իրերը։