Մարտի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցից Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը 2 քաղաքացու տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
 
Ոստիկանները պարզել են, որ նշված քաղաքացիները հիվանդանոց են տեղափոխվել Մազմանյան փողոցի վրա աշխատանքներ կատարելիս վայր ընկնելու հետևանքով։  
 
Նրանք կանգնել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված և վթարային ազդանշանները միացրած ГАЗ 53 մակնիշի վթարային ամբարձիչի վրա, որպեսզի վերանորոգեն վթարված տրոլեյբուսի լարը։
 
Այդ պահին, ըստ նախնական տեղեկությունների, հանդիպակաց երթևեկելի գոտիով անցել է մեկ այլ բեռնատար ավտոմեքենա, որը, հավանաբար, բախվել է տրոլեյբուսի վթարված ճոպանին, ինչի հետևանքով էլ աշխատակիցները մոտ 4 մետր բարձրությունից վայր են ընկել։
 
Մինչ շտապօգնության ժամանումը, վիրավորներին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները։
 
Հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
 
Աղբյուր՝ shamshyan.com