Մարտի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հարություն Մկրտչյանը միջնորդություն է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Գավառի դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Գավառ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի բնակիչ՝ 49-ամյա Միշա Մխիկյանի նկատմամբ։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վերջինս կասկածվում է Գավառ քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ՝ 55-ամյա Հայրապետ Հերգնյանին առանձնակի դաժանությամբ սպանելու, դին այրելու և աղբանոցում թաքցնելու մեջ։
 
Այս տարվա մարտի 4-ին սպանվածի կինը դիմել էր Ոստիկանության Գավառի բաժին և հայտնել, որ ամուսինը վերջին անգամ իր հետ հեռախոսազրույց է ունեցել ժամը 15։00-ի սահմաններում և հայտնել է, որ գտնվում է Գավառ քաղաքի շուկայի տարածքում և քիչ հետո կհասնի տուն, սակայն այդպես էլ ամուսինը տուն չէր եկել, իսկ ավելի ուշ նրա ձեռքի հեռախոսահամարը դարձել էր անհասանելի։
 
Հաջորդ օրը փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
 
Պարզվել է, որ սպանությունը կատարել է Մ. Մխիկյանը, ով իր զոհին իր կողմից վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքին պատկանող «Ազատ» կոչվող տարածքի աղբավայր և այնտեղ այրել ու թաղել։
 
Ոստիկանները հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել, այդ թվում՝ որոնողական, գրեթե 20 կմ շառավղով փնտրել են սպանվածին և, իր վերջո, ճիշտ, օպերատիվ ու քննչական գործողությունների արդյունքում հանցագործությունը բացահայտվում է. հայտնաբերվում է ճիվաղը, ով, ֆոտոլրագրողի տեղեկություններով, նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, իսկ հետո արդեն գտնում են զոհին։
 
Այս պահին դատավոր Յուրա Իսկոյանը սկսել է դռնփակ դատական նիստը, որից հետո գնալու է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, և եթե դատարանը բավարարի քննիչի միջնորդությունը, կասկածյալը տեղափոխվելու է Նուբարաշենի բանտ։
 
Սպանության շարժառիթը եղել է 50 հազար դրամի պարտք ու պահանջը։