168.am-ը գրում է. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 57-ամյա կինը մեղավոր է ճանաչվել աղջկա նորածին երեխային սպանելու մեջ՝ դատապարտվելով 10 տարվա ազատազրկման: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
 
57-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա Նորաշեն գյուղում գտնվող իրենց առանձնատան պատշգամբում աղջկա՝ արտաամուսնական կապից հղիությունը թաքցնելու և նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, դիտավորությամբ պարանոցի աջ և ձախ կողմնային երեսներից սեղմելու միջոցով մեխանիկական շնչահեղձության հասցնելով` սպանել է 36-38 շաբաթական տարիքում ծնված նորածին երեխային, այնուհետև նորածնի դիակը փաթաթել է պոլիէթիլենային պարկի մեջ, գցել արտաքնոցի փոսի մեջ և հողուրագով սեղմելով՝ դիակը թաքցրել արտաթորանքի մեջ:
 
Ըստ դատական ակտի՝ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքից մեկ օր առաջ աղջկան տարել է հիվանդանոց` հղիությունն ընդհատելու համար, որտեղ բժիշկ-գինեկոլոգն ասել է, որ աղջիկը 4-5 ամսական հղի է, ինքը չի կարող հղիությունն ընդհատել, և առաջարկել է աղջկան տանել Երևան քաղաք: Բժիշկը թղթի վրա գրել է Երևան քաղաքի բժշկի հեռախոսահամարը, անուն-ազգանունը և տվել իրեն: Նույն օրը` երեկոյան, աղջիկն իրեն ասել է, որ կողքի շրջանում ծակոցներ ունի, որից հետո աղջկան ցավազրկող դեղ է տվել:
 
Ժամը 23:00-ի սահմաններում աղջիկն ասել է, որ ցանկանում է պատշգամբում պառկել, իսկ ինքը գնացել և պառկել է ներսի սենյակում: Աչքը կպել է և գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում, ձայնից արթնացել է, դուրս է եկել և տեսել աղջկան` արյան մեջ, իսկ կողքին մի բան կար ընկած: Երեխան մահացած է եղել: Իրեն կորցրել է և չի հասկացել, թե ինչ է կատարում: Աղջկա ծննդաբերության ժամանակ ինքը ներկա չի եղել: Շոշափել է երեխային և զգացել է, որ սառն է, երեխան չէր շնչում: Աղջկան ուշագնաց վիճակում տարել է հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության է եկել: Աղջկան հարցրել է, թե երեխան ծնվելու ժամանակ ձայն արձակե՞լ է: Նա պատասխանել է` երեխային ռետուզի մեջ փաթաթված` դրել է տոպրակի մեջ ու գցել զուգարանը: Աղջկա ձայնը չի լսել:
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում