shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել Գյումրի քաղաքի Տ. Ճարտարապետ փողոցի բնակիչ՝ 68-ամյա Լևոն Սարգսյանի կողմից, որ նույն օրը, ժամը 18։10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մարմաշեն խճուղի 1 հասցեի «Գարուն» ռեստորանային համալիրի դիմաց իրեն անծանոթ անձը վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածել է իր ձախ ուսին, ինչի պատճառով ինքը մարմնական վնասվածք է ստացել։
 
Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են կասկածյալի ինքնությունը. նա Գյումրի քաղաքի Պ. Սևակ փողոցի բնակիչ՝ 27-ամյա Ռուդիկ Սարգսյանն է, ով բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է Ոստիկանություն, որտեղից էլ ստորագրությամբ բաց է թողնվել։
 
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Հետաքննիչի որոշմամբ Լ. Սարգսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր և փաստի առթիվ էլ նյութեր են նախապատրաստվում։