Hayeli.am-ը գրում է. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ է դրվել ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի նամակը, որը կոչ է անում Ներկայացուցիչների պալատի արտաքին օգնության հատկացումների հանձնաժողովի նախագահ Հալ Ռոջերսին և հանձնաժողովի անդամ Նիտա Լոուեին 2019 ֆինանսական տարում աջակցել Արցախի և Հայաստանի համար 70 միլիոն դոլարի օգնության փաթեթին: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
 
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսական Ֆրենկ Փալոնին և Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավար կազմում նրա գործընկերներին Արցախին և Հայաստանին ուղղված օգնության փաթեթի հարցում Ներկայացուցիչների պալատի իրենց գործընկերների աջակցությունը խնդրելու համար»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
 
Հայկական հարցերով հանձնախմբի առաջարկած գումարն ու քաղաքականության առաջնահերթությունները համապատասխանում են անցած ամիս արտաքին օգնության մասին օրենքի նախագծի մշակմամբ զբաղվող հանձնաժողովին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացրած նամակով առաջարկված օգնության ծավալներին:
 
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նամակ էր հղել 2019 ֆինանսական տարվա համար արտաքին օգնության մասին օրենքի նախագծի մշակմամբ զբաղվող հանձնաժողովին, որում նշվում է Հայաստանին և Արցախին 70 միլիոն դոլար հատկացնելու անհրաժեշտության մասին:
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում