Ամերիկացի նախկին սենատոր Մարկ Քըրքի պատմությունը, որն արել է Միացյալ Նահանգներ այցելած Հայաստանի խորհրդարանի պատվիրակությանը, տարբեր կերպ է մեկնաբանվում։
 
Նախկին սենատորը հիշել է, որ շատ տարիներ առաջ դեռեւս Կոնգրեսի սովորական աշխատակցի կարգավիճակում Հայաստան, նաեւ արցախյան առաջնագիծ կատարած այցը, ասելով, թե սխալմամբ գլուխը վեր էր հանել ադրբեջանական դիրքերը դիտելու, եւ եթե հայ զինվորը վայրկենական չքաշեր օձիքից ներքև, ադրբեջանցի դիպուկահարի գնդակը կխոցեր իրեն:
 
Տարիներ են անցել, բայց նախկին սենատորը դա հիշում է ու երևի մինչև կյանքի վերջն էլ հիշի։ Հայ զինվորը փրկել է իր կյանքը։
 
Քաղաքականության ներկապնակից ոչ մի գույն այս դեպքում չպիտի օգտագործել։ Այստեղ ոչ տեղական, ոչ միջազգային քաղաքականություն չկա։ Սենատորի փոխարեն ով էլ լիներ, զինվորը նույնն էր անելու։
 
Ամերիկացի նախկին ու ներկա սենատորներին մի կողմ թողնենք «մեր սենատորներին հիշենք»։ Նման երախտագիտություն նրանք ունե՞ն Զինվորի նկատմամբ, ով ոչ թե մի օր, այլ տասնյակ տարիներ առաջնագծում հսկում է նրանց անդորրը․․․ Ոչ թե մեկ, այլ հազար ու մեկ անգամ փրկոել է իրենց գոյությունը։ Եթե այդ զգացումն ապրած լինեին, այլ երկիր կունենայինք։ Իսկ որ այդ զգացումը չեն ապրել, փաստերն են հեղեղում․․․
 
Երախտագիտությունը, շնորհակալ լինելը Աստծո կողմից տրված ամենավեհ շնորհն են։ Եթե ամերիկացին գնահատում է հայ զինվորի կատարած քայլը ու մինչև կյանքի վերջ հիշելու է, զարմանում եմ՝ ինչու՞ մեզ մոտ զինվորին տրվող ամենանհրաժեշտ են գողանում, թալանում։ Անգամ դեղորայքը։ Դա՞ է շնորհակալությունը, երախտագիտությունը։
 
Զոհվածի մայր էր ասողը՝ ես տղա եմ բերել երկրի համար։ «Մեր սենատորները» տղա են բերել իրենց համար․․․
 
 
Հասմիկ Բաբաջանյան