Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, որ Վարդան Ղուկասյանը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի։ Նույնիսկ այն աստիճան, որ սկսել է վաճառքի հանել իր ունեցվածքը՝ ավտոմեքենաներ, հողատարածքներ, շինություններ։ Ընդ որում՝ ավտոմեքենաների վաճառքի հայտարարությունը ժամանակ առաջ տեղադրված էր անգամ List.am հայտարարությունների կայքում, իսկ նշված հեռախոսահամարով զանգահարելիս զանգին պատասխանում էր անձամբ Վարդան Ղուկասյանը:
 
Անդրադառնալով մամուլում եղած իր ունեցվածքի մասին վերջին հրապարակումներին՝ նշեց․ «Ասենք, թե մի քանի բան հանում ենք վաճառքի, ի՞նչ կլինի որ»,– ասաց նա:
Դիտարկմանը, թե երբ մարդիկ վաճառում են իրենց ունեցվածքը, հանրությունը մտածում է, թե արտագաղթում են, Վարդան Ղուկասյանը պատասխանեց․ «Ես այնքան հայրենասեր մարդ եմ, այնքան եմ երկիրը սիրում, որ իմ մեջ նման բաներ առաջ չեն գալիս: Նյութականը չի կարող պատճառ հանդիսանալ արտագաղթի համար: Մի բան կարող է արտագաղթի պատճառ դառնալ ինձ համար: Դա էլ թող մնա մեր մեջ»:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարություններին, թե տնտեսական աճ է գրանցվել, Գյումրիի նախկին քաղաքապետը նշեց, որ դա դեռ ժողովուրդն իր վրա չի զգացել: «Երբ ժողովրդի վրա դա ազդեց, մենք կասենք, որ ամեն ինչ լավ է: Մինչև աշխատատեղեր չլինեն, մինչև պետությունը մի քանի ստրատեգիական նշանակության կառույցներ չվերցնի ու դարձնի իր սեփականությունը, ժողովուրդն իրեն լավ չի զգա»:
Վարդան Ղուկասյանը համաձայնեց, որ «տնտեսական աճը մի քանի հոգու ձեռքում է  կենտրոնացած», դրա համար հասարակ ժողովուրդը ոչ մի փոփոխություն չի զգում իր կյանքում: «Չե՞նք տեսնում՝ ուր է գնում, ի՞նչ է լինում: Մի քանի հոգու են տալիս այդ մի քանի կոպեկը: Գնում է ո՞ւմ՝ մի քանի հարուստի»,- ասաց նա: