Ինչպես արդեն հայտնի է, Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը կանանց տոնի նախօրեին շնորհավորեցին և պետական բարձր պարգևներով խրախուսեցին մի խումբ կանանց: Հանրապետության ղեկավարի անցած ճանապարհն ու փորձն իրեն հուշում և պարտադրում են, որ այսօր էլ կանայք էական դերակատարություն ունենան հասարակական ու քաղաքական կյանքում:
 
Պարգևատրվեցին Սաթիկ Սեյրանյանը, Նազենի Հովհաննիսյանը, Դիանա Գրիգորյանը և մի շարք այլ կանայք: «Որևէ հասարակության ժամանակակից և կայացած լինելու մասին հնարավոր է խոսել դրանում կանանց ունեցած դերակատարության համատեքստում: Եթե տվյալ հասարակության մեջ կանայք լուրջ դերակատարներ չեն, ապա այդ հասարակությունը երբեք չի կարող կոչվել արդի, ժամանակակից»,- ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:
 
INFO24.am-ի ընթերցողներից՝ Հասմիկ Սիմոնյանն իր անհանգստությունն ու բողոքն է հայտնել, կապված վերոնշյալ պարգևատրման հետ և մեր խմբագրություն ուղարկել իր մտորումներն այդ թեմայի շուրջ: Ներկայացնում ենք այն ստորև՝ Իհարկե, կանանց շնորհավորել, նվերներ հանձնելը միշտ էլ հաճելի ու խրախուսելի է, հատկապես տոնական օրերին, բայց երբ դա արվում է պետական մաշտաբով, ապա այս պարագայում, բացի զուտ շնորհավորանքը, պետական մակարդակով դաբրո է տվում բոլոր այն հասարակական դեմքերի գործունեությանը ում ուշադրության են արժանացրել: Դիանա Գրիգորյանը, բնականաբար նույնպես արժանի է շնորհավորանքի, ինչպես աշխարհի բոլոր կանայք, սակայն այստեղ հարց է ծագում թե Դիանայի հատկապես որ արժանիքի համար է նախագահը նրան պարգևներ շնորհում:
 
Չլինի թե մեր պետության ղեկավարն ազատ ժամանակ "Նռան հատիկ" կամ "Դժվար ապրուստ" է դիտում: Առաջինը չգիտեմ, բայց որ Դժվար ապրուստը դիտել է, դա կարծում եմ անժխտելի է. իսկ թե ինչու, կարծում եմ, որ մեկնաբանություններն ավելորդ են: Այս ամենը կարելի է որակել այսպես. Նախագահի «դաբրոն՝ Դիանա Գրիգորյանին» կամ վերին մաշտաբի խայտառակություն: