Հումորային հաղորդումները լավ են այն առումով, որ հանդիսատեսին զվարճացնում են, փոխում նրանց տրամադրությունը թեկուզ ժամանակավոր կտրում առօրյա հոգսերից։
 
«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի մասնակցությունը «Լավ երեկոյին» բուռն քննարկումների տեղիք է տվել։ Այնպիսի տպավորություն էր, որ աղջիկը եկել էր նախնադարից ու «ժամանակակից մաչոները» զարմացել են նման մարդու գոյությամբ, ու այն ներկայացնում են հանրությանը, որպեսզի բոլորով միասին ծիծաղեն նրա վրա։ Ճիշտ է, հաղորդումը հումորային է, հարցերը առավել ևս, բայց երբ ընդհանրական կարծիք է ձևավորվում ոչ թե հումորային հաղորդման սրամտության շուրջ, այլ կենտրոնանում ես զրուցակցի ցածր մակարդակի վրա, ասեմ, որ այն դուրս է գալիս հումորայինի շրջանակից՝ դառնում վիրավորական։
 
Հաղորդումից հետո, չթաքցնենք, բոլորն էլ խոսում էին Լիլիի ցածր մակարդակի մասին, մեղմ ասած։ Ի դեպ նման իրավիճակում կարող է հայտնվել ցանկացած մեկը, ում հետ անկեղծ, ազնիվ չեն լինում և հաղորդման սկզբում ասում են, որ վատ, չստացված կադրերը մոնտաժվելու են։
 
Լիլին հարցազրույցում խոստովանում է, որ իր նկատմամբ ազնիվ չեն եղել․
 
«Ես իրավիճակին հումորային եմ վերաբերում, բայց կարծում եմ, որ ինձ հետ ազնիվ չեն եղել։ Ինձ ասել էին, որ կմոնտաժեն, սակայն այդպես չեն արել։ Ես մեղավոր չեմ, որ մոնտաժ չի արվել»։
 
Երևի մոնտաժ չի արվել, որ հաղորդումը ավելի ծիծաղելի ու սկանդալային լինի։ Լավ է, որ աղջիկը այդ ամենին հանգիստ է վերաբերվում»։ Կամ գոնե, ճարն ինչ, այդպես է ցույց տալիս։
 
Լիլի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը, որը խորհրդանշական է․․․ ու շատ։
 
Լիլին անկեղծ է, իսկ Ավետը․․․
 
ՀԳ Հումորային դաշտում նույնպես պիտի ազնիվ լինել։ Լիլին դեռ 17 տարեկան է ու բնական է՝ շատ բան ունի սովորելու ու կսովորի։
 
Հասմիկ Բաբաջանյան