Խոսքը շատ նուրբ հարցի մասին է, արտահայտվողը զոհվածի մայր է, ով ապրում է իր որդու հուշերով, հպարտանում նրա հերոսական ծառայությամբ։
 
Որդին՝ Արամայիս Յուրիկի Ոսկանյանը, հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է։
 
․․․ Ու հիմա զոհված հերոսի մայրը նամակ է գրել ու խնդրում է բարձրաձայնել այս նուրբ հարցը։ Նրա խոսքերի կողքին ինչ խոսքեր էլ դնեմ, անշունչ կթվան, ուստի ներկայացնում եմ Մոր նամակը․
 
Մինչև ապրիլ չապրածներն էլ են հերոսներ
 
«Մի հարց եմ ներկայացնում, որն արդեն 2 տարի իմ մեծագույն վիշտը խորացնում և հանգիստ չի տալիս ինձ։
 
Մշտապես առկա է տարանջատում ապրիլյան զոհերի և մեր հերոս որդիների միջև, ովքեր զոհվել են ոչ ապրիլյան թեժացման օրերին:
 
Ես չգիտեմ , թե ով է ի սկզբանե առանձնացրել հերոսացած զոհերին, բայց փաստ է, որ առավել լուսաբանվում և ուշադրության են արժանանում ապրիլին զոհվածները, այդ կերպ կարծես անտեսելով մեր որդիների կատարած անձնուրաց քայլերը: Գոյություն ունի մի ֆիքսված ցուցակ, որում ընդգրկված հերոսների ծնողներին են միայն ուշադրության արժանացնում, բնավ չմտածեք , թե խոսքս ֆինանսական աջակցությանն է վերաբերում, ես բազմիցս հրաժարվել եմ նմանատիպ օգնություններից, ինձ համար ամենասփոփիչ և կարևոր քայլն այս պահին հասարակ ուշադրությունն է, պարզապես այցելությունը, հոգեկան աջակցությունը, գնահատանքի ու խոնարհման խոսքերը, որոնք գոնե մի փոքր մեղմում են ցավս և օգնում գոյատևել: Այս տոներին որդիս մշտապես առաջինն է ինձ շնորհավորել , ծաղիկներ նվիրել, հիմա էլ երեխաներս և թոռնիկներս են այդ անում, բայց ես կարոտով սպասում եմ ցանկացած զինվորի կողմից նման գնահատանքի, մի փունջ ծաղկի, այցելության, փոքրիկ ուշադրության: Ցավոք առայժ դրանից անմասն եմ մնում: Ցանկանում եմ, որ դուք բարձրաձայնեք այս հարցը, միգուցե կարողանանք փոխել այս դրությունը, վստահ եմ շատ ծնողներ համակարծիք են ինձ հետ: Շնորհակալություն:
 
ՀԳ Մարտի ութին և տոնական մյուս օրերին տղան է իրեն ծաղկեփունջ նվիրել։ Մայրը սպասում է այդ ծաղկեփնջին՝ զինվորի ձեռքով։ Մոր էջում մի տեղ կարդում եմ տղայի խնդրանքը՝ թող գրկի քեզ ընկերս հիմա, իմ կողմից թող քեզ ասի՝ մամ։ Ինչքա՜ն քիչ բան է ուզում զոհվածի մայրը։ Մտածենք նրա ասածի շուրջ։ Պաշտպանության նախարարության, Բանակի հետ միասինմտածենք․․․
 
 
Հասմիկ Բաբաջանյան