Երեկ՝ մարտի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի թիվ 11ա շենքի բնակարաններից մեկում դի կա:
 
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 93-րդ բնակարանում՝ հյուրասենյակում բազմոցի վրա, հայտնաբերել են տանտիրոջ՝ դին:  
 
shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության 4-րդ բաժանմունքի ծառայողներն ու Արաբկիրի ոստիկանները, համագործակցելով Ոստիկանության էրեբունու բաժնի ծառայողների հետ՝ Էրեբունու բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, 2 կասկածյալի հայտնաբերել և տեղափոխել են Ոստիկանության Արաբկիրի բաժին: 
 
Սպանության վայրի հարևանությամբ բնակվողները ասում էին, որ սպանությունից առաջ սպանվածը, ում անունը Կարեն է, իր 2 ծանոթների հետ կերուխում է արել, որից հետո տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է սպանությամբ: 
 
Տան մի քանի սենյակների պատերին, այդ թվում՝ լոգարանում, կան արնանման հետքեր:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ սպանվածը նշված տան բնակիչ, 65-ամյա Կարեն Աղաբաբյանն էր: