Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Գոռ Կարապետյանը իր վարած Nissan մակնիշի 35 NO 243 համարանիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի չորացած ծառերի և կողաշրջված վիճակում հայտնվել «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի տարածքում։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
 
Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ ավտոմեքենան վարել է սթափ վիճակում։ 
 
Ֆոտոլրագրողի հետ զրույցում դեպքի վայրի հարևանությամբ բնակվողներն ասում էին. «Վթարի պատճառը թափառող շներն են եղել, ու վարորդը շներին չհարվածելու համար կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և տեղի է ունեցել վթարը»։
 
Բնակիչները նշում էին նաև, որ բազմաթիվ անգամ Աջափնյակ թաղապետարան ահազանգել են, որպեսզի թափառող շներին հավաքեն, սակայն անօգուտ. թաղապետարանի չինովնիկները «ուղտի ականջում քնած են»։