asekose.am-ը գրում է. 
 
Լրագրող Կիմա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
«Այս երգն ինձ հիշեցնում է Աննա Էլբակյանի մի դերակատարումը: 
27 տարի առաջ Մետրո թատրոնում
Վ.Սարոյանի, Թ.Ուիլյամսի, Է.Հեմինգուեյի ստեղծագործությունների հիման վրա բեմադրվեց «Ուիլի, Թիթի, Ջիգ ու երեք էլ մի աղջիկ» ներկայացումը, որի գլխավոր հերոսուհին Աննա Էլբակյանն էր: Ներկայացնում էր երեք աղջկա, որոնք թեև տարբեր էին, բայց իրականում նույն տեսակն էին. քնքուշ, անրջող, իրականությունից վերացած ու հայացքը հառած երկնքին՝ բարձրաձայն խորհում էին, երևակայում ու ցանկանում անել մի արտառոց բան, որը կերջանկացներ մարդկանց: 
Դա անմոռանալի մի դերակատարում է, պարզապես, ցնորական խաղ...
Լսում եմ երգչուհուն ու միաժամանակ տեսնում Աննայի Ուիլիին, Թիթիին ու Ջիգին:
 
Հավանաբար, Աննայի վաղամեռիկ որդուն՝ Էդգար Էլբակյանին ժամանակին ուժգին տպավորել է մոր այս դերակատարումը, որ գրել է այսպիսի երգ:
Իսկ երգչուհին՝ Սոնա Ռուբենյանը, որը, հաստատ չի տեսել այդ ներկայացումը, իր այս կատարմամբ այնքա՜ն մոտ է Աննայի կերտած կերպարներին:
Հրաշալի է:
 
Ի դեպ, այս երգի տեսահոլովակը վերջերս տեսա Յութուբում: Օրեր առաջ էլ պատահաբար կարդացի Սոնա Ռուբենյանի ֆեյսբուքյան գրառումը իր հիվանդության, դեղատոմսով դեղերի ու Շտապ-օգնության կողմից կանչը չընդունելու մասին:
Ուղղակի, ապշեցի, թե նա որքան գրագետ է շարադրել իր մտքերը: Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները, եթե մի փոքրիկ գրառում են կատարում, ապա լատինատառ, իսկ եթե հանկարծ հայերեն են գրում, մի զարհուրելի անգրագիտություն է կաթում այդ տեքստից...
Մինչդեռ, Սոնա Ռուբենյանի կիրթ ու գրագետ շարադրանքը մնացյալի ճիշտ հակապատկերն է:
Պատահական չէ, որ այսքան լավ է երգում...»: 
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում