hayeli.am-ը գրում է. Ադրբեջանում երեկվանից մեկնարկել են հնգօրյա լայնածավալ զորավարժություններ, որոնց շուրջ 25 հազար զինծառայող է մասնակցում: Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ զորավարժություններին ներգրավված է նաև 250 միավոր զրահատեխնիկա, մինչև 1000 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, ինչպես նաև հինգ տասնյակ 50 միավոր տարբեր նշանակության ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ:
 
Ըստ պաշտոնական աղբյուրների՝ զորավարժությունների ընթացքում «բանակային ստորաբաժանումները հետ են մղելու պայմանական հակառակորդի հարձակումը և անցնելու են հակահարձակման»: «Զորավարժությունների ընթացքում զորքերը պետք է կասեցնեն հակառակորդի հարձակումը, ինչպես նաև հակահարվածների միջոցով վերականգնեն պաշտպանության գիծն՝ ավելի ձեռնտու դիրքերի ներառմամբ՝ հետագայում անցնելով լայնամասշտաբ հակահարձակողական գործողության», – ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
 
Այս վարժանքների անցկացման վայրն ադրբեջանական իշխանությունները չեն հստակեցնում, նշելով միայն, որ դրանք ծավալվելու են «լեռնային ռելիեֆի բարդ պայմաններում»: Հնգօրյա զորավարժությունների ընթացքում ադրբեջանական զինուժը, ինչպես հաղորդվում է, կիրառելու է նաև վերջերս Ռուսաստանից, Իսրայելից և Չեխիայից ձեռք բերած մի շարք նոր զինատեսակներ:
 
Պաշտոնական Երևանը, արձագանքելով Ադրբեջանում այս տարվա առաջին զորավարժությանը, նշում է, որ դրանք անցկացվում են խախտումներով՝ առանց նախօրոք զգուշացնելու ԵԱՀԿ անդամ երկրներին:
 
«Ադրբեջանը զորավարժություններ է սկսել ( նախագահի «վերընտրման» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը)՝ առանց այդ մասին ԵԱՀԿ անդամ երկրներին տեղեկացնելու և կոպտորեն խախտելով կազմակերպության առջև ստանձնած հանձնառությունները», – թվիթերյան իր էջում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում