Երևի բոլորդ էլ լավ հիշում եք ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կոչը՝ արտերկրում Ալբերտ Դալլաքյանին վիրահատելու համար․ «Կոչ եմ անում բոլորիդ, ով կարող է միանանք այս դրամահավաքին և օր առաջ օգնենք Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը: Նույնիսկ պարզապես այս կոչիս տարածումը ձեր կողմից ևս կարող է օգնել: Աստված պահապան Ալբերտին, մեր բոլոր հերոսներին, բանակին և ժողովրդին»։
 
Խոսքը 45 հազար դոլարի մասին էր։ Անկեղծ ասած շատ վատ զգացի` Մեր երկրի, Բանակի, Զինվորի, ինչու չէ, նաև պաշտպանության նախարարի համար։ Ինչքան էլ հետայսու բացատրի և մեկնաբանի՝ դժվար է հասկանալ նրա քայլը, երբ Բանակն այնքա՜ն Ալբերտներ ունի, այնքան ծնողների խնդրանք- աղաչանքներ․․․ Յուրաքանչյուր նման դեպքի համար կո՞չ է անելու․․․ Կամ հազարավոր Ալբերտների բանակը չի՞ նեղանա նախարարից, որ իր համար կոչ չի անում։ Հենց այնպես չեմ ասում, դժգոհություններն ի մի բերելով եմ ասում։
 
Մի պահ հիշեցի կամավորական ջոկատներ ունենալու շրջանը, երբ անընդհատ նման կոչեր էին հնչում հենց ժողովրդի միջից՝ զինվորին հագուստ, ճաշ, համազգեստ, արյուն․․․
 
Մի՞թե 20 տարի հետո նույն բանը կրկնվում է, այն էլ՝ պաշտպանության նախարարի մակարդակով։
 
Ըստ այդմ առաջանում է պետական մակարդակով պատշաճն անելու խնդիրը։ Հանրությունը դա է պահանջում։
 
Ինչևէ, անցավ։
 
Զգացմունքայնություն էր, ավելորդ զգացմունքայնություն։ Եվ դրա շուրջ դրանից ավել ծավալվելը ոչ մի կողմի համար էլ լավ չէր։ Առավել ևս նախարարի, որ բանավեճի մեջ ներքաշվեց ֆեյսբուքյան օգտատերերի հետ։ Նախարարը բանավիճողներից մեկին անգամ «բոշա անվանեց»։
 
Դա էլ անցած էտապ համարենք։
 
«Ռազմինֆո»-ի հետ զրույցում Վիգեն Սարգսյանն ասում է․
 
«Առհասարակ, ափսոսում եմ, որ մեր հասարակության մեջ հանրային դիսկուրսի լուրջ հետընթաց է նկատվում, և երբ մեկս մյուսի հետ համաձայն չենք, անմիջապես պիտակավորում և վիրավորում ենք միմյանց։ Եվ, իհարկե, ափսոսում եմ, որ ինքս ենթարկվեցի սադրանքի և պատասխանեցի իմ կոչին տգեղ մեկնաբանություն նետած քաղաքացուն` իր իսկ բառապաշարով։ Նույն օրը հեռացրեցի այդ գրառումը` համարելով, որ նույնիսկ սոցիալական ցանցի անձնական էջը պետական պաշտոնյայի պարագայում որպես հանրային հարթակ է դիտվում»։
 
«Նախարարը ենթարկվել է սադրանքի»։ Հատկապես այդ արտահայտությունն իր մեջ ուժ չի պարունակում, տղայականով՝ ինձ հայհոյեց, ես էլ իրեն հայհոյեցի։
 
Է՜, հետո՞․․․
 
Եթե նախարարը իմանար, որ սոցիալական ցանցի անձնական էջը պետական պաշտոնյայի պարագայում որպես հանրային հարթակ չի դիտվում, կջնջե՞ր իր մեկնաբանությունը․․․
 
«Ափսոսում եմ, որ ենթարկվեցի սադրանքի»,- ասում է նախարարը։ Պաշտպանության բանակի ղեկավարը եթե «սադրանքի է ենթարկվում» մի շարքային քաղաքացու կողմից, ադրբեջանական բանակի սադրանքներին կարո՞ղ է դիմակայել․․․ Հարցը զուտ հոգեբանական բնույթ ունի։
 
Հասմիկ Բաբաջանյան