«Լավ երեկոյի» աղմկոտ հաղորդումներից հետո հիշեցինք Գարիկ Պապոյանին՝ ինչու՞ նա չկա։
 
Հումորային հաղորդումներն առաջին հայացքից հեշտ են թվում, բայց երբ խորանում ես, հասկանում ես, որ այն ամենադժվար ժանրն է։
 
Եթե թվում է, որ հումորայինի մեջ կարող ես «մարդուն կպնել, նսեմացնել»՝ «անուն դնելով» իբր հումոր ես անում, չարաչար սխալվում ես։ Դու պետք է կարողանաս մարդկանց և՛ ծիծաղեցնել, և՛ չցավացնել։
 
«Լավ երեկոյի» վերջին հաղորդման ժամանակ հարցերի հարցը դա էր՝ ինչպե՞ս կարելի է ազատազրկված կանանց վրա ծիծաղել։ Եթե հաղորդումը լիներ լուրջ ֆորմատով, ոչ մի պրոբլեմ չէր առաջանա։
 
Հա, ուրեմն Գարիկին հիշեցինք, որովհետև նրա հումորը նուրբ է, որովհետև մարդիկ նրա հումորի մեջ ծաղր չէին տեսնում, ինքը անկեղծ է ու հենց դա է պատճառը, որ մարդիկ նրան սպասում են։ Ու թեև ասել էին, որ Գարիկը կշարունակի նկարահանվել Հանրային հեռուստընկերության «Լավ երեկո» նախագծում, սակայն հաղորդման երկրորդ եթերաշրջանի առաջին թողարկմանը նա չներկայացավ: Բնական է, որ առաջին հերթին դա կապեցին նրա առողջական խնդիրների հետ։ Մեջքի ծանր վիրահատություն էր տարել, բնական է, դրա շուրջ ծավալվեց խոսակցությունը։
 
Վերջին անգամ Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել փետրվարի 2-ին, գրելով, որ ամեն ինչ լավ է բոլորից շնորհակալ է՝ լավ տրամադրությամբ։ Գրել էր՝ կապաքինվեմ, քիչ մնաց։ Ու այլևս գրառում չկա։ Մարտի 1-ին տեղադրել էր Գարիկ- Սոնա տեսանյութը՝ «Բինգյոլ» ու երկու բառ գրել՝
 
Սա դեռ չեք լսել ) Enjoy մի ուրիշ տիպի!
 
Օգտատերերից մեկն է հարցրել է․
 
Ara Ghazaryan AG
 
Էս հեչ, դու ասա՝ ոնց ես։
 
Ոչ մի պատասխան Գարիկից։
 
Ես էլ եմ փորձել ճշտել նրա առողջական վիճակի մասին, չի հաջողվել։ Պատասխանները բազմաթիվ են՝ «Վիրահատության հետ կապ չունի», «Վիրահատությունից հետո ուրիշ պրոբլեմ է առաջացել», «Ամեն ինչ լավ է, շուտով կհանդիպեք»։
 
Ու քանի որ հենց Գարիկն է ֆեյսբուքյան էջով տեղեկացրել երկրպագուներին իր առողջական վիճակի, մարզումների մասին, ճիշտ կլինի՝ հենց այս հարցին էլ ինքը պատասխանի՝ Գարիկ ո՞նց ես․․․
 
ՀԳ Գարիկի տեղադրած տեսանյութը
 
 
 
Հասմիկ Բաբաջանյան