shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
 
Ժամը 20:30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի «Երվանդաշատ» ուղեկալից Ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ է ստացվել, որ մի խումբ քաղաքացիներ կատարել են սահմանային գոտու ռեժիմի խախտում:
 
Նշված վայր մեկնած Ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի բնակիչներ, 26-ամյա Հարություն Կարապետյանը, 32-ամյա Հակոբ Բաղդասարյանը և 19-ամյա Սամվել Հովսեփյանը, խախտելով սահմանային գոտու կանոնները, առանց թույլտվության, ապօրինի մուտք են գործել «Երվանդաշատ» ուղեկալի սահմանային գոտի:
 
Այնտեղ Հ. Կարապետյանը իր մոտ ապօրինի պահվող, համագյուղացի 36-ամյա Արտեմ Ավետիսյանին պատկանող «ՍԿՍ» տիպի որսորդական ակոսափող հրազենով որս կատարելու նպատակով սահմանային գոտում կրակոցներ է կատարել:
 
Ոստիկանները Հ. Կարապետյանի մոտ հայտնաբերել են նաև 7.62 մմ տրամափաչի 2 փամփուշտ:
 
Երեկ՝ մարտի 13-ին, Հ. Կարապետյանը, Հ. Բաղդասարյանը և Ս. Հովսեփյանը Ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում բացատրություններ են տվել, որից հետո հետաքննիչի կողմից բաց են թողնվել:
 
Բաղրամյանի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական միջոցառումներ՝ Ա. Ավետիսյանին հայտնաբերելու ուղղությամբ: