shamshyan.com-ի տեղեկություններով, մարտի 14-ին, առավոտյան ժամը 09։30-ի սահմաններում Արտակարգ իրավճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շենգավիթ վարչական շրջանի Խարբերդի ամառանոցների Նալբանդյան 6-րդ փողոցի թիվ 135 տանը:
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ թիվ 6, իսկ հետո թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատները, սակայն հնարավոր չի եղել կրակը մարել, և տունն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
 
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ փորձել են պայքարել բնակիչներն ու հարևանները, սակայն տունն ամբողջովին բաղդադից է եղել, տան տանիքը, քանի որ եղել է փայտյա կառուցատարրերից, հնարավոր չի եղել կրակի դեմն առնել։
 
Հրդեհի հետևանքով տանտիրուհին՝ տան սեփականատեր, 65-ամյա Ռոզա Հակոբյանը, այրվածքներով տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։
 
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևաններն ասում էին. «Ընտանիքը 10 տարուց ավելի է, բնակվում էր այստեղ՝ մայրը, ամուսինները և իրենց 2 մանկահասակ երեխաները, ու հիմա ոչ միան տանից են զրկվել, այլև ողջ գույքից, հագուստներից, օրը մի տեղ են բնակվում՝ իրենց հարազատների տանը, սակայն օր առաջ ցանկանում են գոնե լուծել տան տանիքի, դուռ ու լուսամուտի խնդիրը, որպեսզի նորից բնակվեն իրենց կողմից կառուցված տանը»։
 
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը հայտնեց, որ ինքը խնդրին տեղյակ է և կանգնելու է բնակչի կողքին, որպեսզի ընտանիքը չմնա փողոցում։