1in.am-ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Կարեն Չատիկյանի գործի դատական քննությունը:
 
Ըստ մեղադրանքի՝ 217 թվականի հունվարի 11-ին Երևանի Վարդանանց 28 շենքի բակում գտնվող տաղավարում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Կարեն Չատիկյանը դանակով հարվածել է Ռաֆի Մարտիրոսյանին և Վահե Մուրադյանին, ինչի հետևանքով անչափահաս Ռաֆի Մարտիրոսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս, իսկ Վահե Մուրադյանին դիտավորությամբ զրկել է կյանքից:
 
Ըստ մեղադրանքի՝ գործով տուժողներ Ռաֆի Մարտիրոսյանը, Վահե Մուրադյանը, ինչպես նաև գործով վկա մի քանի երիտասարդներ միասին սովորել են Երևանի Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել են պետհամալսարանի տարբեր ֆակուլտետներ, մասնավորապես՝ Մարտիրոսյանն ու Մուրադյանն ընդունվել են տեղեկատվական անվտանգության ֆակուլտետ, նրանց ընկերները՝ կիրառական մաթեմատիկայի, ռադիոֆիզիկայի ֆակուլտետներ:
 
Նրանցից ոմանք մասնակցել են օլիմպիադաների, ստացել են մրցանակներ:
 
Մասնավորապես՝ Ռաֆի Մարտիրոսյանը հերթական օլիմպիադայում մրցանակ է շահել՝ նրան տրվել է «Բուկինիստ» գրախանութի նվեր-քարտ՝ 1 հազար դրամ գումարով, որով Մարտիրոսյանը կարող էր մասնագիտական և այլ գրականություն գնել:
 
Երբ նախկին դասընկեր-ներկա ուսանողները հանդիպել են պետհամալսարանում, Մարտիրոսյանը ստացած մրցանակի վերաբերյալ աղջիկներին ասել է, թե նրանց կուրսեցի «դոդիկներին» քարտը կվաճառի 5 հազար դրամով՝ իրենք գրքերը թող վերցնեն, ինձ գումարը տան:
 
Հիշյալ արտահայտությունը կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում սովորող տղաներից մեկը հայտնել է իր համակուրսեցիներին, որոնցից Կարեն Չատիկյանը առանձնահատուկ վիրավորվել ու ցանկացել է պարզաբանում ստանալ նման արտահայտություն անողից:
 
Հանդիպումը նշանակվել է Երևանի Վարդանանց 28 շենքի բակում գտնվող բացօթյա տաղավարում 217 թվականի հունվարի 11-ին, ժամը 14-ի սահմաններում:
 
Ըստ մեղադրանքի՝ այս հանդիպմանը Կարեն Չատիկյանը գնացել է՝ հետը վերցնելով «թիթեռնիկ» տեսակի դանակ:
 
Հանդիպման ընթացքում տղաների միջև առաջացել են վեճ ու քաշքշուկ, ապա նրանք սկսել են հարվածել միմյանց, Կարեն Չատիկյանն էլ իր մոտ եղած դանակով մահացու հարվածներ է հասցրել Վահե Մուրադյանին՝ վնասելով նրա սիրտը, թոքը, ու միջին ծանրության վնաս է պատճառել Ռաֆի Մարտիրոսյանի առողջությանը:
 
 
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում