shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Բելառուսի Հանրապետության քաղաքացի, 23-ամյա Արտյում Գրիգորյանը Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանից բերվել է Ոստիկանության Արարատի բաժին, որտեղ մինչ նրան անձնական խուզարկություն կկատարեին ու կտեղափոխեին ձերբակալվածների պահման վայրի խուց, Ա. Գրիգորյանը իրեն ուղեկցողներին խնդրել է բնական կարիքները հոգալու համար շտապ օգտվել զուգարանից:
 
Այդ ժամանակ նա դատարանի զուգարանում գտած և բերանի մեջ պահված կոտրված փոքր ապակյա կտորով վնասել է իր աջ դաստակի և պարանոցի աջ կեսի շրջանը՝ կատարելով ինքնավնասում:
 
Բարեբախտաբար, Ա. Գրիգորյանի հետագա գործողությունները կանխվել է ձերբակալվածների պահման վայրի ավագ ոստիկանի և օրվա պատասխանատու հերթապահի օգնականի կողմից:
 
Տեղում նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
 
Ա. Գրիգորյանը Բելառուսի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում է Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 328 հոդվածի 4-րդ մասի /թմրանյութերի վաճառք կազմակերպված խմբի կողմից/ հատկանիշներով և հետախուզման մեջ էր գտնվում 2016 թ.-ի հունիսից:
 
Նրան այս տարվա մարտի 12-ին հայտնաբերել են ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները: