Երեկ՝ մարտի 16-ին, Ոստիկանները հայտնաբերել են մարտի 12-ի լույս 13-ի գիշերը Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի ուղղությամբ կրակոցներ արձակող կասկածյալի ինքնությունը:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, Ոստիկանության Էրեբունու բաժին օպերատիվ տվյալներ են ստացել, որ Խորենացի փողոցի բնակիչ, 35-ամյա Ալբերտ Խոջոյանը իր մոտ եղած ապօրինի հրազենով կրակոցներ է արձակել նշված շենքի ուղղությամբ:
 
Երեկ՝ մարտի 16-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Թորգոմ Մաթևոսյանը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի խուզարկություն կատարվի Ա. Խոջոյանի բնակարանում, քանի որ Էրեբունու ոստիկաններն ու քննիչները համոզված են եղել իրենց օպերատիվ ինֆորմացիայի վրա:
 
Դատարանը բավարարել է հետաքննիչի միջնորդությունը և ոստիկանները խուզարկություն են կատարել Ա. Խոջոյանին պատկանող BMW մակնիշի 63 ZZ 888 համարանիշի ավտոմեքենայում, որտեղ էլ հայտնաբերվել է 1924 թ.-ի արտադրության թմբուկավոր ակոսավոր 1ատրճանակ:
 
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչ Ժիրայր Հակոբյանի որոշմամբ ատրճանակը առգրավվել է, իսկ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
 
Քննիչի որոշմամբ Ա. Խոջոյանը ձերբակալվել է:
 
Նրա կողմից կատարված կրակոցների արդյունքում, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: