Երեկ՝ մարտի 16-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Ծաղկալանջ գյուղի ղեկավար, 35-ամյա Մանվել Մկրտչյանը ահազանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ գյուղ շտապ ոստիկան ուղարկեն։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, գյուղ են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետի գլխավորությամբ, ինչպես նաև հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը։
 
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, կեսօրին Ֆերիկ գյուղի բնակիչ՝ 39-ամյա Ամար Մռտոյանը իր կնոջ՝ 39-ամյա Սաբրինա Նաբոյանի հետ, ըստ գյուղապետի հայտարարության, դիտավորյալ ոչխարների հոտը արածացրել են Ծաղկալանջ գյուղի տարածքում գտնվող գյուղապետին պատկանող առվույտի դաշտում, ինչի հետևանքով առվույտը վնասվել է, և գյուղապետի հայտարարությանա համաձայն՝ ինքը կրել է մոտ 715 հազար դրամի վնաս։
 
Տեսնելով այդ ամենը՝ Մ. Մկրտչյանը, ով Ծաղկալանջի գյուղապետն է, պահանջել է, որպեսզի հոտը դուրս բերեն առվույտի դաշտից, սակայն այն վերածվել է վիճաբանության, իսկ հետո՝ ծեծկռտուքի։
 
Արդեն դեպքի վայրում Ս. Նաբոյանը հայտարարել է, որ Մ. Մկրտչյանը իրեն ծեծի է ենթարկել։
 
Երկուսն էլ տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ տվել են բացատրություններ և երկուսին էլ հետաքննիչի կողմից տրվելէ դատաբժշկի ուղեգիր։
 
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում ավագ հետաքննիչ Բաբայանի կողմից նյութեր են նախապատրաստվում։