ԻՆՉԻ՞Ց Է ԴԺԳՈՀՈՒՄ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸՀերթական անհասցե գրառումը։ Ո՞ւմ է ուղղված՝ պարզ չի։ Այս անգամ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է ֆեյսբուքյան իր էջում գրառում արել։ Ոչ ավել, ոչ պակաս Պարույր Սևակի «Մարդ էլ կա, մարդ էլ» բանաստեղծությունից քառատող է զետեղել, որը իր սրտին մոտ է եղել տվյալ պահին․
 
Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
 
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի.
 
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
 
Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս…
 
Ախր Սևակի այս բանաստեղծությունը թնդանոթ է, որը գործածել պետք է իմանալ, այլապես․․․ կսպանի քեզ։ Այն ահազանգում է, թե ինչպես են մարդկային արատները զենք դարձնելով բարձրանում, հարստանում, աթոռը պաշտում․․․
 
Կարծում էի, որ ոչ մի պաշտոնյա՝ ներկա ու նախկին, չէր համարձակվի այդ բանաստեղծությունն օգտագործել ուրիշի դեմ, որովհետև դրա տակ պայթուցիկ կա, ու առաջինն ինքը կպայթի․
 
Մարդ կա ՝ ելել է շալակն աշխարհի, Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում…
 
Սա թնդանոթային համազա՞րկ չէ։ Նախկին վարչապետը շալակա՞ծ է տանում աշխարհը, աշխարհի բեռը, թե՞ ելել է, ինչպես մյուս պաշտոնյաները, շալակն աշխարհի։
 
Ի վերջո, ինչի՞ց է դժգոհում Հովիկ Աբրահամյանը, նա չի՞ անցել այն ճանապարհը, որը անցնելու համար փորձում է մեղադրել ուրիշ մեկին․․․
 
Ու մեղադրել ոչ իր խոսքով․․․
 
Հասմիկ Բաբաջանյան