Երեկ՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում, «Ford Focus» մակնիշի 47 TQ 444 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել ճանապարհի մեջտեղում:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, և սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, երկուսին էլ ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և նրանք հիվանդանոց են տեղափոխվել վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանի ուղեկցությամբ:
 
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
 
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդը եղել է Աբովյան քաղաքի Երիտասարդական 1/1 շենքի բնակիչ, 17-ամյա Արման Ավագյանը, իսկ ուղևորները՝ նույնպես եղել են անչափահասներ: Ավտոմեքենան, որի անվահեծանները կոտրվել էին, ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեց ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
 
*** 18.03. 2018 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Ոստիկանության Կոտայքի բաժնի և ՃՈ 2-րդ սպահայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները պարզել են՝ ավտոմեքենան վարել է Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի 1/1 շենքի բնակիչ, 17-ամյա Արման Ավագյանը, իսկ հիվանդանոց տեղափոխվածներն են Աբովյան քաղաքի Ինտերնացիոնալի փողոցի բնակիչ, 17-ամյա Գոռ Ղուկասյանը, և Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակիչ, 17-ամյա Ալբերտ Շախգուլյանը:
 
Հիվանդանոց տեղափոխված վարորդն ու 2 ուղևորները սովորում են Աբովյան քաղաքի թիվ 1 դպրոցի 11-րդ դասարանում: