shamshyan.com-ի տեղեկություններով, Երեկ՝ մարտի 19-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, որ «կրծքավանակի ձախ կեսի հետին պատի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
 
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչներ՝ 21-ամյա Մհեր Մելիքյանը և 24-ամյա Պապ Պողոսյանը։
 
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
 
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Մ. Մելիքյանին և Պ. Պողոսյանին նշված վնասվածքները պատճառելու կասկածանքով Մալաթիայի գյուղմթերքների շուկայի մոտից ոստիկանություն են բերման ենթարկել 35-ամյա Տարոն Պեպանյանին։
 
Նա թաքնվելիս է եղել Սեբաստիա փողոցի թիվ 80 շենքում և, ըստ տեղեկությունների, միջադեպը տեղի է ունեցել Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տարածքում։
 
Քննիչի որոշմամբ Տ. Պեպանյանը ձերբակալվել է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։