«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արոյի որդու՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ հայտնի ողբերգական վթարից մահացած ՃՈ ոստիկան, 33-ամյա Խաչիկ Գասպարյանի քույրը՝ Տաթեւիկ Գասպարյանը, ՀԺ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ եղբայրը որդու ծնվելուց հետո որոշել էր առողջ ապրելակերպով զբաղվել, բազմաթիվ նպատակներ ուներ: Նա նաեւ որոշակի դժգոհություն է հայտնել նախաքննական մարմնից:
 
«Նախաքննության ընթացքին ինչքանով որ տեղյակ ենք, էն արագությունը, որ իրականում եղել է 170կմ/ժ, իջեցվել է՝ 120-ի:  
 
Այնպես է, որ գիտեինք, որ ինքը (խոսքը Սարգիս Վարդանյանի մասին է.-հեղ.) եղել է թմրամիջոցների եւ ալկոհոլի ազդեցության տակ, սակայն իբր փորձաքննությամբ պարզվել է, որ նա ո՛չ թմրամիջոց է օգտագործած եղել, ո՛չ էլ՝ ալկոհոլ:
 
Զարմանալի չի լինի, որ վերջում պարզվի՝ ոստիկաններն են մեղավոր եղել»,- ասել է Տաթեւիկ Գասպարյանը:
 
Նա պատմել է նախաքննության ընթացքի, իր զոհված եղբոր՝ 33-ամյա ոստիկանի երազանքների ու պլանների մասին, եղբոր հետ զոհված մյուս ոստիկանի մասին:
 
Խաչիկ Գասպարյանն ավտովթարից մի քանի օր առաջ էր որդի ունեցել: 
 
Ճըվճվ Արոյի որդուն՝ Սարգիս Վարդանյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ ՀՀ ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը):
 
Խափանման միջոց է ընտվել կալանքը»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում