shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քննիչ Սարգսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
 
Երեկ՝ մարտի 19-ին, կեսօրին, Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
 
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացածը Մամիկոնյանց փողոցի բնակիչ՝ 57-ամյա Հովսեփ Վարդանյանն է, ով վնասվածքը ստացել է Մամիկոնյանց փողոցի թիվ 56 շենքի մոտ։
 
Արդեն դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է քննիչ Սարգսյանը, իսկ իրավապահները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են արնանման հետքեր, ինչպես նաև որսորդական հրացանից արձակված կրակված պարկուճ։
 
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Արբակիրի ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որպես կասկածյալ որոնում են Մամիկոնյանց փողոցի բնակիչ՝ 42-ամյա Սամվել Սամվելյանին։