«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարի մասին նրա իսկ հայտարարությանը հաջորդեց Ժիրայր Սէֆիլյանի դատավճիռը: Հաշվարկած էր արդյոք հաջորդականությունը, թե ոչ, դժվար է ասել, համենայն դեպս քաղաքականության մեջ երեւի թե չեն լինում այդպիսի պատահականություններ: Այսպես, թե այնպես, ուշագրավ է, որ Սարգսյանի հայտարարությունից հետո Սէֆիլյանը դատապարտվում է տասը տարի 5 ամիս ազատազրկման, որն ըստ էության բավականին խիստ պատժաչափ է եւ կարծես թե բավականին ցուցադրական պատժաչափ:
 
Սերժ Սարգսյանը մի կողմից հայտարարում է, որ հինգ րոպե պակաս վարչապետ է, ակնարկում, որ շարժառիթների շարքում է նաեւ «Սասնա ծռերի» դեպքն ու այսօր էլ փողոցում հարցեր լուծելու կոչեր հնչեցնելը, եւ հետո դրան հաջորդում է Սէֆիլյանի նկատմամբ խիստ եւ ցուցադրական պատժաչափը, որով Սարգսյանը կարծես թե ցույց է տալիս, որ վճռական է տրամադրված իր վարչապետությունը ցնցումների կամ արտառոց զարգացումների միջոցով կանխելու փորձերի հանդեպ: Սրան զուգահեռ սակայն, խնդրի հակառակ կողմում այն է, որ Սարգսյանը կարծես թե մարտահրավեր է նետում հանրությանը, ասելով, դե դուրս եկեք փողոց՝ տեսնեմ:
 
Բանն այն է, որ կար տեսակետ, թե Սարգսյանը կձգի իր վարչապետության մասին հայտարարությունը մինչեւ ապրիլի 15-16, որպեսզի հայտարարելուց հետո այսպես ասած ընդդիմությունը կամ ընդդիմությունները չունենան հասարակությանը փողոց հանելու եւ կրիտիկական իրավիճակ հասունացնելու ժամանակ, եթե անգամ համարվում է, որ գործնականում դրա ոչ միայն ժամանակի, այլ ռեսուրսային մի շարք հանգամանքների պակաս կա: Սարգսյանը փաստորեն տալիս է 20 օր ժամանակ: Ավելին, դրան հաջորդում է Սէֆիլյանի գործով խիստ դատավճիռ, կամ ոչ մեղմ, եւ թերեւս ցուցադրական մի դատավճիռ, որն անմիջապես կապակցվելով վարչապետության մասին Սարգսյանի հայտարարությանը կարող է տալ այսպես ասած առավել ուժգին էֆեկտ, արթնացնելով հանրային դժգոհություն:
 
Կամ Սերժ Սարգսյանը լիակատար վստահ է, որ չի կարող լինել այդպիսի բան եւ չկա այդ ամենի համար փողոց դուրս գալու պատրաստ հանրություն եւ այդ իսկ պատճառով ցուցադրում է մկանները, կամ Սարգսյանը ունենալով որոշակի մտավախություններ, փորձում է այսպես ասած ժամանակից շուտ հասունացնել դրանք, ընդ որում նույնիսկ ավելի շուտ, քան գուցե պլանավորում էին հնարավոր քայլերի կազմակերպիչները եւ մշակողները:
 
Եվ այս ամենին զուգահեռ, Սերժ Սարգսյանը կարծես թե նաեւ փորձում է ընդգծել այսպես ասած կոնտրաստը, ասելով, որ մի կողմից առաջարկում է բավականին հարմարավետ պայմաններ նրանց, ովքեր «երիտասարդ լիդերներ» են, կամ այլ կերպ ասած նոր համակարգի եւ խաղի կանոնների շուջ պատրաստ են պայմանավորվել, մյուս կողմից շատ կոշտ է լինելու այդ կանոնները մերժողների հանդեպ: Այդ տեսանկյունից, Սէֆիլյանի դատավճիռը նաեւ որոշակի մարտահրավեր է, նետված այն քաղաքական խմբերին, որոնք քննարկում են Սարգսյանի վարչապետության դեմ առավել արմատական պայքարի տարբերակները:
 
Սարգսյանն ըստ երեւույթին առաջնորդվում է լավագույն պաշտպանությունը հարձակումն է հայտնի տրամաբանությամբ եւ որոշում է չսպասել, մինչեւ որեւէ մարտահրավեր կնետեն իրեն: Միեւնույն ժամանակ, նա կարծես թե խթանում է արմատական ռեակցիաներ, կարծես թե նախապատրաստելով անհրաժեշտության դեպքում ոչ թե պոստֆակտում, այլ նույնիսկ ինչ-որ իմաստով կանխարգելիչ ուժային գործիքների կիրառման «լեգիտիմ» մթնոլորտ իր համար, ընդ որում միջազգայնորեն «լեգիտիմ»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում