Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 59-ամյա Զուհրաբ Կալանդիան իր վարած MAN մակնիշի բեռնատար կցորդիչով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ դեպի Արմավիր ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 60 մետր առաջ ընթանալով՝ բախվել ապառաժ քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր այնուհետև դին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային:
 
Նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Թադևոս Սուքիասյանն ու Էդգար Հովհաննիսյանը, քանի որ հետաքրքրասեր վարորդները կանգնում են և ճանապարհին և ստեղծում խցանումներ:
 
Սակայն ՃՈ ծառայողների աշխատանքի արդյունքում ճանապարհը ամբողջությամբ երթևեկելի է:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի ամբողջական տվյալները: