Ո՜նց ենք հաղթում երեխային։ Միայն սիրով։ Ո՜նց ենք տանում երեխային։ Միայն սիրով։ Ո՜նց ենք ներում երեխային մեր անքուն գիշերների, տառապանքների համար։ Միայն սիրով։
 
Նույն կերպ կարող է անել երկրի իշխանությունը, բարձրագույն դիրքը գրաված անձը, կուսակցությունը։ Մարդուն հավաքական իմաստով հաղթում են միայն սիրով, ներողամտությամբ։ Իրավական արտահատությամբ՝ ներումով։
 
Կա մարդկային տեսակ, որը չի կոտրվում։ Հազվագյուտ տեսակ է, բայց գոհանանք, որ կա այդ տեսակը։ Այդ տեսակն է ոգեղեն իմաստով «կանգուն պահում ազգը»։ Նա հակակշիռ է ուժի, ճնշման։ Խնայենք այդ տեսակը, որ «փոր լցնելու համար չի ապրում», չի գոյատևու՜մ։ Նա այն ալիքն է, որ լիճը փրկում է ճահճացումից։ Նա կարճատև շրջանի համար չի, շարժում է, որ մաքրում է նեխահոտը։ Խնայենք այդ ալիքը, շարժումը ու մեռյալ լիճ չդառնանք։
 
Գրելն էլ սիմֆոնիա է։ Մեղմ տոնով սկսվում է ու աստիճանաբար բարձրանում՝ կուլմինացիոն կետը։
 
Խնայեք Ժիրոյին ու Սամոյին։ Խնայել կարելի է միայն սիրով, երբ սիրում ես մարդուն որպես տեսակ, հասկանում նրան։
 
Երբ երկիրը քոնն ես համարում, քեզ իրավունք ես վերապահում այն անվանել քո տունը։ Ժիրոն ու Սամոն օգնել են, որ թշնամին չավերի իմ տունը․․․ Մե՛ր Տունը։ Մեր ընդհանուր տունը։
 
Ու հիմա․․․ մարդ չպետք է լինել՝ չբարձրաձայնելու։ Ու ովքեր լռում են, լռու՜մ վախից՝ կորցնելու իրենց կերը, նրանք վաղը երկի՜ր չեն պաշտպանելու․․․ Առաջինն իրենք են քար նետելու այն մարդու վրա, ով տարիներ շարունակ կերակրել է իրենց։ Դա փորձն է ցույց տվել, մարդկության գոյության փորձը․․․
 
ՀԳ Ժիրո և Սամո․ հենց այդպես մտերմիկ էլ նրանց կոչում են մարդիկ։
 
 
Հասմիկ Բաբաջանյան