ՄԵՐ ԵՐԵՍԻՆ ԱՍՎԵՑ ԱՅՆ, ԻՆՉ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՄԱՍԻՆ․ Ի՞ՆՉ ԱՆԵԼՌուսական НТВ հեռուստաընկերության «Հանդիպման վայրը» ծրագրի ժամանակ Հայաստանի հասցեին հնչած վիրավորական մեկնաբանությունները պետական մակարդակով լռության է մատնվում։ Պաշտոնական ոչ մի գնահատական։
 
Ընդհանրական առումով դա սթափ քայլ է։ Ինչ ասվի՝ որ վիրավորվե՞լ են, որ խաղում են հայ ժողովրդի նվիրական զգացումների՞ հետ․․․
 
Ընդհանրապես երբ ավելի փոքր միավորի՝ մարդու վիրավորում են, խոհեմ մարդը մտածում է՝ ո՞ր կետում եմ սխալվել, որ ինձ վիրավորում են։ Ինքը պիտի գտնի այդ կետը, որը կոչվում է թուլության գոտի։ Վերագտնելը, սխալը ուղղելը թուլության գոտին ամրացնելուց է սկսվում։
 
Հայաստանը, ցավոք, Ռուսաստանի հետ առնչվող շատ թույլ կետեր ունի, որոնք հասել են կարմիր գոտու սահմանագծին։ Չթվարկեմ, ցավոտ են դրանք, ամեն ինչ չէ, որ կարելի է սառնասրտորեն ասել։
 
Այդ վիրավորանքները ոչ թե պետք է ընդունել ռուսական ոչ պաշտոնական աղբյուրից բխող հանգստացնող դեղորայքային դոզայով, ինչպես փորձվում է արվել, այլ այսպես մտածել՝ տան փոքրի միջոցով տեղեկացվում է, թե ինչ է կատարվում տանը։ Մեր երեսին ասվեց այն, ինչ մտածում են մեր մասին։ Դա պաշտոնական հայտարարության ձևով չէր ասվի՝ շատ հասկանալի պատճառով։
 
Ոչ մի դիվանագետ ճակատային «պատերազմ չի սկսի», որպեսզի հետագա քայլերի դեպքում կանխվի անկանխատեսելի գնահատականները։
 
Ի՞նչ անել նման պարագայում։ Մենք պետք է Ռուսաստանի հետ խաղանք իր խաղով։
 
Հեռուստաեթերից հնչող վիրավորանքները համարել առանձին փորձագետ- քաղաքագետների, հաղորդավարների կարծիք, ովքեր օգտվելով ազատ խոսքի իրենց իրավունքից, արտահայտվել են․․․ Պաշտոնական Ռուսաստանը դրա հետ ոչ մի կապ չունի։
 
Հայաստանյան մամուլը, անհատական գործիչներ ևս կարող են ընդվզել, հանրությունը ևս նույնատիպ վիրավորական արտահայտություններ կարող է անել ու անում է, բայց դա պաշտոնական Հայաստանի կարծիքը չէ։
 
Պետական մակարդակով հավասարակշռություն ստեղծել Հայաստանի ու Ռուսաստանի մեջ՝ ի՞նչ կարող ենք անել, երբ հանրությունը, առանձին մարդիկ այդ կարծիքի են։
 
Ժամանակային առումով դա լավագույն ընթացքն է, որպեսզի որոշենք՝ ինչ անել մեր թույլ գոտին ամրացնելու առումով։ Ինչքան է հնարավոր ամրացնել։ Փորձենք լցնել այն բացերը, որոնք իրենց մեջ վտանգ են պարունակում, այն վրիպումները, որոնք խոր ճեղք են բացել։
 
Դժվար է, անասելի դժվար, որովհետև տունը պահող սյուներն անգամ նվիրել ենք մեր բարեկամին, բայց պետք է փորձել, որովհետև հայից համառ մեկ էլ մեր լեռների քարերն են, որովհետև հայ ազգը ողջ գոյության ընթացքում գոյատևման խնդրով է զբաղվել ու զբաղվում։ Ազգային արժանապատվությունը ազգի լինելիությունից անբաժան է, փորձենք այն ոչ թե ռուսի վրա բարդել, այլ՝ մեր վրա․․․Մենք ենք թույլ տվել, մեր մեջ պիտի փնտրել մեր արժանապատվությունը խոցելիության աստիճանի զգայուն դարձնելու պրոբլեմը։
 
Ժամը չէ եվրոպամետ- ռուսամետ խաղալը։ Ազգը պիտի բռունցքվի։ Եվ տեղին չեն Նիրվանայի գիրկն ընկած եվրապամետների գոհաբանական հանգստությունն ու գոհունակությունն արտահայտող վալերիանային հանգստատուցիչ բառերը և ոչ էլ ռուսամետների դարավոր բարեկամության կրկներգերը։
 
Ամեն ինչից առաջ մեր դարավոր թշնամիներին նայենք ու մեր ոտքը ավելի ամուր գետնին դնենք։ Ամեն ինչից առաջ մեր ներսը նայենք, մեր մեջ փնտրենք այն, ինչ ստանում ենք դիմացինից․․․ Ամենակարևորը՝ մի բան ձեռք բերելուց աշխատենք մյուսը չկորցնել։
 
Հասմիկ Բաբաջանյան