shamshyan.com-ի տեղեկություններով, Երեկ՝ մարտի 21-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Արմավիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
 
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
 
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը, ով կեսգիշերն անց գիտակցության չգալով մահացել է, Արմավիրի մարզի Այգավան գյուղի բնակիչ, 22-ամյա Նարեկ Պողոսյանն էր, ում մարմնի վրա, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, եղել է վնասվածքի 7 հետք:
 
Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանությունը տեղի է ունեցել Արմավիրի մարզի Արմավիր գյուղի 1-ին փողոցի 20 հասցեում գտնվող ամբուլատորիայի դիմաց և հանցագործությունը կատարելու կասկածանքով մարզի ոստիկանների բազմակողմանի աշխատանքի արդյունքում ստացված օպերատիվ տվյալների շնորհիվ, իսկ հետո արդեն կատարված բացատրական աշխատանքների արդյունքում Արմավիրի ոստիկանություն է մեղայականով ներկայացել Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ,19-ամյա Վաղինակ Մարտիրոսյանը:  
 
Վերջինս քննիչ Գ. Մանուկյանի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է:
 
Սպանվածը եղել է իրեն պատկանող ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով: