Մեզ մոտ ավանդույթ է դարձել՝ բռնկվում ու հանգում ենք՝ ցանկացած իրադրության ժամանակ։ Մոռանում ենք, որ եթե ինչ որ բան է կատարվում, որ մեզ հուզում, ափերից հանում է, պատեպատ ենք խփվում, դրա լուծումը զայրանալը ու ֆեյսբուքյան գրառումներով հարկի ու անհարկի մեր բողոքն արտահայտելը չէ։ Մոռանում ենք, որ հազար անգամ բռնկվել ենք ու․․․ հանգել։ Հազար անգամ հերոսացրել ենք մարդկանց ու հազար անգամ նույն մարդկանց գետնին շպրտել։ Հազար անգամ ոգևորվել ենք որևէ մեկի պաշտոնի ազատումով ու հազար անգամ հիասթափվել նույն մարդուն ավելի բարձր պաշտոնի տեղափոխելուց։ Հազար անգամ ոգևորվել ենք, որ այսինչը հայրենասեր է, ժողովրդի մասին է մտածում, բացահայտումներ է անում ու հազար անգամ կուրծք ծեծել, որ նույն մարդը դավաճան է, ժողովրդի թշնամի։
 
Բռնկվում ու հանգում ենք։
 
Եթե առաջ ուշ-ուշ էին «մեր կայծից օգտվում», հիմա խաղում են։ Պաշտոնյաներից մեկը կատակում էր․ «Էս մարդիկ ոնց որ զաժիգալկա լինեն, մի հատ կպցնում, հանգցնում են»։ Մեխանիզմը, որ մեխանիզմ է, տևական նմանատիպ գործողություններից հետո սպառում է իրեն։
 
Զարմանում ենք, որ սպառվե՜լ ենք, որ էլ նախկինի նման չենք բռնկվում, որ փողոց կանչող «տղերքից սառել ենք», որ մեր ներսի կրակը մարում ու գաղջ ծուխ է արձակում։ Որ խոսողին էլ չենք լսում, լսելուց էլ՝ չենք հավատում։
 
Որոշել եմ՝ շաբաթը մեկ ներկայացնել նրանց, ովքեր մեզ «լա՜վ բռնկցրել», հետո լռել են, ասես ոչ մեզ բան են ասել, ոչ էլ մեզ ճանաչում են․․․ Գիտե՞ք ինչի համար։ Որ հասկանանք՝ որն է «բռնկցնելու պատճառը»։
 
Սկսեմ՝ Ռուզաննա Խաչատրյանի Աշնանային տրակտատից։ Ինչու՞ էր հանկարծ նախկին պաշտպանության նախարարի կինը հիշել 25 տարի առաջ ատամնաբուժարանի դեպքը․․․
 
«Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն»։
 
Լավ է արել, որ տիկինը հիշել է, լավ է արել, որ բացահայտումներ է արել, բայց ինչու՞ կայծը գցեց մարդկանց մեջ, ինքը դարձավ Ժաննա Դարկ ու մի կողմ քաշվեց։ Ասես ոչ բան է ասել, ոչ ճանաչում է մեզ, տեղն եկած տեղը գուցե և ասի՝ խոսքը այն մարդու մասին չէ, ում դուք կասկածում էիք․․․
 
Անգամ, երբ մեկի հետ մտահոգություն ես կիսում, հետո տևական ժամանակ չես երևում, լռում ես, մարդն անհանգստանում է՝ ի՞նչ եղավ, գուցե օգնության կարիք։ ունի։ Գուցե ինձ չի վստահում։
 
Ասել ու լռելով չի՞, տիկին․․․ Չէ՞ որ նման հուզառատ անձրևից հետո գոնե մի պեծ արևի շող է պետք՝ գոնե էջումդ գրի՝ ինչպե՞ս է թանկագին առողջությունդ։ Ախր այդքան անկեղծությունից հետո տևական լռությունը բնական չի․․․
 
Հասմիկ Բաբաջանյան